Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին՝ ԼՂ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Վստահ եմ, որ դուք շարունակելու եք ձեր ազնիվ ծառայությունը մատուցել Արցախին՝ հանուն մեր ընդհանուր առաջընթացի և բարօրության»,- նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, մասնավորապես, նշված է շնորհավորական ուղերձում: Այսօր ավելի վաղ Սահակյանին շնորհավորել է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:
Ղարաբաղի Ազգային ժողովի այսօր կայացած հատուկ նիստում Բակո Սահակյանը վերընտրվեց Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում: Սահակյանի օգտին քվեարկեց 28 պատգամավոր: Նրա միակ մրցակից, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի օգտին ձայն տվեց 4 պատգամավոր: