Մատչելիության հղումներ

Այս տարի կպեղվեն երեք տասնյակից ավելի հնագիտական հուշարձաններ


Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպմանը:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի փոխանցմամբ՝ այս տարի միաժամանակ մի քանի տասնյակ հուշարձաններ են պեղվելու․ - «33 հայտ ենք ներկայացրել Մշակույթի նախարարությանը և 35 տարբեր հուշարձաններում դաշտային հետազոտական աշխատանքներ ենք կատարելու»:

Դրանք շատ վաղ ժամանակաշրջանի հուշարձաններ են, որոնք շատ կարևոր են առհասարակ մարդկության պատմության ուսումնասիրության համար, և համաշխարհային գիտական հանրությունը չափազանց մեծ տեղ է հատկացնում հատկապես նման գիտական ուսումնասիրությունների արդյունքներին․ - «Այսինքն հուշարձանների մի մեծ խումբ ուսումնասիրում ենք՝ հասկանալու համար, թե հարյուր հազարավոր կամ միլիոնավոր տարիներ առաջ նախամարդը ինչպես է բնակեցրել այս տարածքները: Ընդ որում, էստեղ մենք ունենք հուշարձաններ, որոնց ուսումնասիրության արդյունքները առանցքային նշանակություն ունեն հասկանալու համար, թե ընդհանրապես ինչպես է բնակեցվել Եվրասիան»:

Օրինակ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի շրջակայքում հայտնաբերված հուշարձանի պեղումների արդյունքները ցույց են տալիս, որ ուշ հոմո էրեկտուսը կամ վաղ հոմո սապիենսը՝ վաղ բանական մարդը, ոչ թե Աֆրիկայից է դուրս եկել, ինչպես ընդունված է միջազգային գիտական հանրության կողմից, այլ հենց Եվրասիայում է ձևավորվել, ավելին՝ հենց մեր տարածքում․ - «Կար տեսակետ, որ էդ մարդիկ Աֆրիկայից են դուրս եկել, և էդ մարդկանց թողած գործիքները յուրահատուկ են, Եվրասիայում որտեղ տեսնում էին այդ գործիքները, ասում էին՝ ահա, այս լեվալոազյան տեխնիկայով արված գործիքները պատրաստել են այն մարդիկ, որոնք դուրս են եկել Աֆրիկայից: Մեր Նոր Գեղիի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք կարող էին տեղում լինել, տեղից զարգանալ, ավելի վաղ ժամանակների քարի ինդուստրիայի ժառանգորդներն են»:

325-330 հազար տարվա պատմություն ունեցող հուշարձանի պեղման արդյունքների ուսումնասիրությունները հրատարակվել են հեղինակավոր Science ամսագրում, և ինչպես նշում է Պավել Ավետիսյանը, այլ՝ ամենաբարձր հղման գործակից ունեցող գիտական ամսագրերում․ - «Առաջին անգամ հայաստանյան նյութը էնպիսի տվյալներ է տվել, որ փոխում է գիտության մեջ եղած, կարծրացած տեսակետները որ էդ մարդիկ ձևավորվել են Աֆրիկայում և Աֆրիկայից են տարածվել ամբողջ Եվրասիայում: Եվ հիմա կշարունակենքայդ աշխատանքները, այնտեղ նորից շերտեր ենք գտել, ավելի խորը կգնանք, ավելի վաղ ժամանակների մասին պատկերացում կունենանք»:

Այս տարի հնագետները, ի թիվս այլ պեղավայրերի, կաշխատեն նաև Սիսիանի մոտ գտնվող Աղիտուր գյուղի հնավայրում, որտեղ արդեն իսկ գտնվել են հոմո սապիենսի 30-40 հազար տարվա վաղեմության հետքեր: Հնագետները հույս ունեն պեղումների արդյունքում ամբողջական պատկերացում կազմել, թե ինչպես է բանական մարդը զբաղեցրել այս տարածքները:

Այս տարի կշարունակվեն նաև Էջմիածնի հարևանությամբ Վերին Խաթունար գյուղի Ակնաշեն հնավայրի պեղումները, դա նեոլիթյան ժամանակաշրջանի բնակատեղի է: Կշարունակվեն նաև Երևանի հարևանությամբ գտնվող Մասիս գյուղի Մասիս Բլուր կոչվող հնավայրի պեղումները․ հնավայրը մ․թ․ա․ 7-րդ հազարայակին է պատկանում:

Այս պեղաշրջանի ընթացքում շարունակվելու է նաև վիշապ-քարակոթողների պեղումների ծրագիրը, որն իրականացնում է հայ-գերմանական արշավախումբը Արագած լեռան փեշերին: Ամեն տարի նորանոր վիշապ-քարակոթողներ են հայտնաբերվում․ - «Սա նույնպես բացառիկ հետաքրքիր ծրագիր է: Սա Առաջավոր Ասիայի հնագույն մոնումենտալ քանդակագործության եզակի նմուշների ուսումնասիրության ծրագիր է: Այդ վիշապ-քարակոթողները հանդիպում են միայն Հայկական լեռնաշխարհի սահմաններում: Մենք վիշապ-քարակոթողներ ունենք, որ տեղաշաժվել են խորհրդային իշխանության տարիներին, միջնադարում դրանք վերածվել են խաչքարերի, հետո վերածվել են տապանաքարերի․․․ Վանի թագավորները այդ քարերի վրա թողել են արձանագրություններ: Գառնիում գտել ենք մենք․ էդպես պարզեցինք, որ դա ավելի վաղ է, քան Ուրարտուն: Հիմա մենք նաև թվագրում ենք․ մի քանի օրինակ ունենք, որ միանշանակ վերաբերում են մ․թ․ա․ երրորդ հազարամյակին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG