Մատչելիության հղումներ

Թրամփը և Պուտինը Համբուրգում երկրորդ՝ մասնավոր հանդիպումն են ունեցել


Գերմանիա - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը Համբուրգում պաշտոնական ընթրիքի ժամանակ, 7-ը հուլիսի, 2017թ․
Գերմանիա - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը Համբուրգում պաշտոնական ընթրիքի ժամանակ, 7-ը հուլիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ երկրորդ՝ մասնավոր հանդիպումն են ունեցել, որի մասին մինչ օրս պաշտոնապես չէր հայտարարվել: Սպիտակ տունը հաստատում է՝ սակայն շեշտելով, որ նախագահները Համբուրգում ընդամենը «կարճ զրույց» են ունեցել երկրների ղեկավարների համար նախատեսված ճաշից հետո:

Համբուրգում Թրամփի և Պուտինի երկրորդ հանդիպման մասին առաջինը հայտնել էր ամերիկացի քաղաքագետ, «Եվրասիա Գրուփ» քաղաքական խորհրդատվական ընկերության նախագահ Յան Բրեմերը, ով միանգամայն այլ պատկեր է ներկայացրել: Բրեմերը պատմում է, որ խոսել է ճաշին ներկա երկու անձանց հետ: Քաղաքագետի խոսքով՝ Թրամփի և Պուտինի զրույցը տևել է մոտ մեկ ժամ, դրան ներկա է եղել միայն Ռուսաստանի նախագահի անձնական թարգմանիչը, ինչը, ըստ Բրեմերի, «ազգային անվտանգության արարողակարգի խախտում է»:

Սպիտակ տունը, մինչդեռ, հուլիսի 7-ին Համբուրգի Էլբյան ֆիլհարմոնիայի շենքում տեղի ունեցած հանդիպման առնչությամբ հաղորդում է, որ Թրամփն օգտվել է Պուտինի թարգմանչի ծառայություններից, քանի որ ճաշին ներկա ամերիկյան կողմի թարգմանիչը ռուսերեն չի խոսել: Առաջնորդներն ու նրանց կանայք կարող էին ընթրիքին ներկա լինել միայն մեկ թարգմանչի հետ, ԱՄՆ նախագահը նստել էր Ճապոնիայի վարչապետի տիկնոջ կողքին, և ամերիկյան կողմի թարգմանիչը ճապոներեն էր խոսում, հստակեցնում է Սպիտակ տունը:

Հանդիպման փաստը հաստատել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մայքլ Էնթընը: Նա չի հստակեցրել, թե որքան է տևել երկու առաջնորդների խոսակցությունը, սակայն հայտարարել է, որ այն պատահական էր և չպետք է որակվի որպես «հանդիպում» կամ նույնիսկ որպես պակաս արարողակարգային, սակայն պաշտոնական առանձնազրույց: «Աղանդերի մատուցման ժամանակ տեղի ունեցած խոսակցությունը չպետք է հանդիպում որակվի», - շեշտել Էնթընը:

«Կեղծ լուրեր», - արձագանքելով ամերիկյան լրատվամիջոցներում լայնորեն քննարկվող թեմային՝ Թվիթերում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ մամուլին հայտնի էր այդ ընթրիքի մասին, որին նախագահներին և նրանց կանանց հրավիրել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Պուտինի հետ գաղտնի ընթրիքի մասին կեղծ լուրերը անառողջ են: Մեծ քսանյակի առաջնորդներին և նրանց կանանց հրավիրել է Գերմանիայի կանցլերը: Մամուլին հայտնի էր այդ մասին», - գրել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի և Պուտինի առաջին պաշտոնական հանդիպումը հուլիսի 7-ին Համբուրգում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում, տևել է մոտ երկու ժամ: Զրույցի մեծ մասը, ինչպես հաղորդել են կողմերը, նվիրված էր ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը: Այդ հանդիպումից հետո Պուտինը հայտարարել էր՝ տպավորություն ունի, թե Թրամփն ընդունել է իր հավաստիացումներն այն մասին, որ Մոսկվան չի միջամտել ամերիկյան նախագահական ընտրություններին:

Միացյալ Նահանգներում, մինչդեռ, ոչ միայն չեն մարում, այլև նոր թափ են ստանում մեղադրանքները նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության և Թրամփի թիմի ու Կրեմլի միջև հնարավոր դավադրության վերաբերյալ: Կրքերն է՛լ ավելի բորբոքվեցին, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը անցյալ տարի քարոզարշավի ժամանակ հանդիպել էր Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող փաստաբան Նատալյա Վեսելնիցկայային, ով խոստացել էր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութեր տրամադրել։ Թե՛ ԱՄՆ նախագահը, թե՛ նրա որդին հայտարարել են, որ այդ հանդիպումը եղել է իմաստազուրկ ու անարդյունավետ:

Նախօրեին բացահայտվել է ամերիկյան իրավապահների և մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված այդ հանդիպման ութերորդ մասնակցի անունը՝ Իրակլի Կավելաձեն, ով Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի գործարար, միլիարդատեր, Դոնալդ Թրամփի երբեմնի գործընկեր Արազ Աղալարովին պատկանող Crocus Group ընկերության մենեջերներից է: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով Աղալարովի փաստաբան Սքոթ Բալբերին:

Բալբերը լրատվամիջոցներին հայտնել է, որ Թրամփի շրջապատի և Ռուսաստանի իշխանությունների ենթադրյալ կապերի վերաբերյալ հետաքննությունը ղեկավարող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գրասենյակը կապվել է իր հետ, և որ ինքը և Կավելաձեն համագործակցում են քննության հետ:

Այսպիսով, Նյու Յորքում անցյալ տարի ամռանը տեղի ունեցած այդ հանդիպմանը Թրամփ կրտսերից և Վեսելնիցկայայից բացի մասնակցել են նաև ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուի փեսան՝ Ջարեդ Քուշները, Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտը, ում կասկածում են Կրեմլին մոտ կանգնած անձանց հետ կապեր ունենալու մեջ, շոու բիզնեսի ոլորտում հայտնի Ռոբ Գոլդսթոունը և ռուս լոբբիստ Ռինատ Ախմետշինը, որին ամերիկյան մամուլը ներկայացնում է որպես Խորհրդային Միության անվտանգության ծառայությունների նախկին գործակալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG