Մատչելիության հղումներ

Աղվան Վարդանյան․ Վարչապետի հարցը վստահաբար քննարկելու ենք ՀՀԿ-ի հետ


Ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող կոալիցիային մաս կազմող Դաշնակցության բարձրաստիճան ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, առաջիկայում Հանրապետականի հետ վստահաբար քննարկելու են վարչապետի հարցը, թեև, ըստ նրա, թե ով է գլխավորելու կառավարությունը Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից՝ 2018 թվականի ապրիլից հետո, Հայաստանի առջև ծառացած առաջնային հարցերի շարքին չի դասվում:

«Ժամանակ կա, և նաև կոալիցիոն համաձայնագրի մեջ հստակ գրված է, որ վարչապետի թեկնածության առաջադրման իրավունքը պատկանում է մեծամասնությանը՝ Հանրապետական կուսակցությանը: Բնական է, Դաշնակցության համար կարևոր է, թե ով կլինի վարչապետը, բայց դրա համար ժամանակ կա: Եվ ես կարծում եմ, իմ խորին համոզմամբ, մեր երկրի առջև [կանգնած] խնդիրները երկու հիմնական բաղադրիչ ունեն․ մեկը անվտանգության հարցերն են՝ Արցախ և այլն, և այլն, Հայաստան, Արցախ ընդհանուր անվտանգության հարցերը, երկրորդը՝ տնտեսություն, որը իր մեջ ավելի խոր բովանդակություն ունի՝ արդար տնտեսական համակարգ: Ընդհանրապես արդարության սկզբունքը, և սոցիալական և դատաիրավական համակարգի մյուս հարցերը: Եվ այստեղ, ես կարծում եմ, պետությանը ծառայելու, երկրի զարգացմանը ծառայելու յուրաքանչյուր գործիչ դրսևորման հնարավորություն, տեղ կունենա: Կգա ժամանակը՝ այդ հարցերը կքննարկվեն: Այսօր ինձ համար դա կեղծ օրակարգ է»:

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչը հիշեցրեց կոալիցիոն համաձայնագիրը․ - «Համաձայնագիրը եթե ուշադիր կարդաք, այնտեղ բազմաթիվ համատեղ քննարկումների և այլն մեխանիզմներ են դրված: Վստահաբար այդ հարցը մենք միասին կքննարկենք, բայց հստակ ձևակերպված է, որ իրավունքը պատկանում է Հանրապետական կուսակցությանը»:

Երեկ կայացել է ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի գերագույն մարմնի համատեղ նիստը, ընդունվել է հայտատարություն, որը կտարածվի վաղը առավոտյան:

Աղվան Վարդանյանի խոսքով, նիստի ընթացքում փորձել են կառավարության գործունեության այս փուլի գնահատականը տալ․ - «Այս փուլում բավարարված է: Մենք ինքներս կառավարության մաս ենք: Կոալիցիոն կառավարություն է, այսինքն՝ մեր կառավարությունն է, և բնականաբար, այն, ինչ նպատակադրումներ արված են, և այն, ինչ կառավարության գործունեության ծրագրում, որն Ազգային ժողովը հաստատեց, սրանք հիմնականում՝ 90 տոկոսով, համապատասխանում են Դաշնակցության առաջնահերթություններին: Բավական բաներ արդեն իսկ կատարված են և՛ անվտանգության խնդիրների առումով, և՛ սոցիալ-տնտեսական խնդիրների առումով»:

Արձագանքելով լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ շրջանառվող տեղեկությանը վարչապետ Կարեն Կարապետյանի և դաշնակցական նախարարաների միջև առկա հակասությունների մասին, Աղվան Վարդանյանը նշեց․ - «Կարեն Կարապետյանը մեր կառավարության վարչապետն է, ինքը ունի իր մոտեցումները, տեսակետները, Դաշնակցությունը՝ իր տեսակետները, և, բնական է, որ դրանք կարող են երբեմն չհամընկնել: Բայց որևէ հակասություն անձերի կամ նախարարների միջև․․․ Կառավարությունը միասնական հավաքական մարմին է և աշխատում է: Այստեղ պրոբլեմ ընդհանրապես գոյություն չունի: Լինում են հարցեր, որ մենք քննարկում ենք, երբեմն վիճում ենք, բայց նպատակը, խնդիրը նույնն է՝ ինչպես անել, որ ավելի արդյունավետ լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG