Փաստաբանների պալատը ոստիկանապետի և Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա կարգապահական վարույթներ է հարուցել «Սասնա ծռեր»-ի և Ժիրայր Սեֆիլյանի գործերով փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի ու Արայիկ Պապիկյանի նկատմամբ:
Վլադիմիր Գասպարյանը, մասնավորապես, Փաստաբանների պալատ ուղարկած գրությամբ դժգոհել էր, թե Շուշանյանն իրավապահների հասցեին հնչեցրել է անհարգալից արտահայտություններ, ինչն, ըստ ոստիկանապետի, «վնասում է իրավապահ ամբողջ համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը և որևէ աղերս չունի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման հետ»:
Վլադիմիր Գասպարյանն իր դիմումին կցել է «Ազատությանը» Շուշանյանի տված հարցազրույցը, որում փաստաբանն ասել էր, թե ոստիկանությունն օրենքից դուրս գործող կառույց է, իրավապահ մարմին չէ, այլ «զինված հրոսակախումբ», որը պատրաստ է կատարել «ցանկացած հանցավոր հրաման»: Մուշեղ Շուշանյանն այսօր կրկնեց այս խոսքերը՝ համոզմունք հայտնելով, որ հարուցված վարույթն իրեն ճնշելու փորձ է․
«Դա իմ արտահայտվելու ազատության իրավունքի նկատմամբ միջամտություն է, դրա իրական նպատակը ինձ իմ մասնագիտական պարտականությունների կատարման մեջ կաշկանդելն է: Այսինքն՝ փորձում են փաստաբաններին լռեցնել, որպեսզի փաստաբանները հանդես չգան հայտարարություններով, գնահատականներ չհնչեցնեն»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:
Ավելին, փաստաբանը պնդում է, թե իրենց նկատմամբ վարույթները «Սասնա ծռեր»-ի ու Ժիրայր Սեֆիլյանի դեմ ճնշումների շղթայից են: «Մեր պաշտպանյալներին դատական նիստերի դահլիճից հեռացնելով են լռեցնում, մեզ՝ կաշկանդելով: Մենք հաճախ չենք կարողանում մուտք գործել նիստերի դահլիճ, իսկ երբ կարողանում ենք մուտք գործել, փորձ է արվում ամեն կերպ մեզ լռեցնել:
Ինչպես վերջին դատական նիստը ցույց տվեց՝ իմ գործընկեր Լուսինե Սահակյանին դատավորը պարզապես թույլ չէր տալիս, որ նա միջնորդություն ներկայացնի կամ պարզապես հայտարարություն անի: Փորձ է արվում ամեն կերպ լռեցնել, կաշկանդել, ճնշել մեզ, որպեսզի կարողանան այդ դատավարությունը տանեն իրենց նախանշած սցենարով»,- ասաց Շուշանյանը:
Փաստաբանների պալատը կարգապահական վարույթ հարուցելու որոշման մեջ նշում է՝ եթե հաստատվի, որ Շուշանյանը հարցազրույցում իրավական, քննադատական խոսքերից բացի, նաև արել է որոշակի արտահայտություններ, գոնե առերևույթ կնշանակի, որ նա կասկածի տակ է դրել փաստաբանի մասնագիտության հեղինակությունը, ինքն իրեն նույնացրել է իր վստահորդներ՝ կալանավորված ընդդիմադիրների հետ:
Այնինչ, ըստ Շուշանյանի, հենց իշխանություններն են իրեն նույնացնում պաշտպանյալների՝ Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների հետ․ «Ի՞նչ եմ արել, որը փաստաբանին հարիր արարք չէ»,- հարց է հնչեցնում փաստաբանը: Ոստիկանապետի գրությունը նա բնորոշեց որպես «անհեթեթ դատողությունների շարան»: Շուշանյանը ներկայանալու է իր դեմ վարույթի քննությանը՝ հիմնավորելու, թե ինչու է ոստիկանությունն անվանել բանդա: «Նյութը բավականին առատ է լինելու, բազմաթիվ դեպքեր մենք գիտենք, երբ ոստիկանությունն իրապես գործել է ոչ թե որպես իրավապահ մարմին, այլ որպես զինված հրոսակախումբ: Եվ ես դա կարգապահական վարույթի շրջանակում կհիմնավորեմ»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:
Փաստաբան Արայիկ Պապիկյանի դեմ բողոք է ներկայացրել գլխավոր դատախազության վարչություններից մեկի պետը՝ պնդելով, թե նա փաստաբանական գործունեությանը չվերաբերող, վստահորդին իրավաբանական օգնություն տրամադրելուն որևէ կերպ չառնչվող հարցերով իր հայացքներն է փոխանցել զանգվածային լրատվության միջոցներին, անպարկեշտ ձևակերպումներով գնահատականներ է տվել պետական իշխանության, իրավապահ մարմիններին: Խոսքը Պապիկյանի ֆեյսբուքյան մի գրառման մասին է, թե «Արայիկ Խանդոյանը ժողովրդի իշխանությունը զավթած վարչախմբի շահերը սպասարկող ոստիկանության կողմից ենթարկվել է խոշտանգման և ծեծի», ու «հակահարվածը կլինի արդարացի, ռեժիմի համար խիստ ցավալի, քանզի բանդան ոգի չունի և բարոյական օրենքներից զուրկ է»:
«Հայտարարությունը տարածվել է Արայիկ Խանդոյանի աջակիցների և սատարողների կողմից, բայց քանի որ դատախազության պաշտոնյան, հետագայում նաև պալատի նախագահը միտում են ունեցել հանդուգն և իրենց չհնազանդվող փաստաբանին լռեցնել, իսկ «Սասնա ծռերի» գործում մենք բոլորս ենք, ըստ էության, վտանգված և հարվածի տակ, ապա նրանց ընդամենը պատրվակ է պետք եղել, որպեսզի նման գործ անեն»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Փաստաբանը տարակուսած էր՝ պետական պաշտոնյան ի՞նչ է կորցրել իր ֆեյսբուքյան էջում: «Օգտագործելով իր աշխատանքային ժամանակը, օգտվում է իմ ֆեյսբուքյան էջից, թեև մենք ընկերներ չենք, ես չգիտեմ, գուցե կեղծանունով է ինձ հետ ընկերացել: Եվ ինքը Սահմանադրությամբ և Դատախազության մասին օրենքով կամ որևէ իրավական ակտով չսահմանված գործողություններ է սկսել կատարել, իմ ֆեյսբուքյան էջի գրառումը գրությամբ ուղարկել է Փաստաբանների պալատ»,- շարունակեց Պապիկյանը:
Փաստաբանները հիշեցնում են՝ դատավորներն իրենց դեմ սանկցիաներ են կիրառում կարգադրիչներից ստացած գրությունների հիման վրա, ուղեկցող ոստիկանների բողոքներով էլ կալանավայրերի պետերն են ընդդիմադիրներին պատժախցեր տեղափոխում: Հերթական քայլը սա էր․ «Այսինքն էս բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձինք ներգրավված են էս դատական պրոցեսում: Դահլիճում իրավիճակի տերը նրանք են»,- ասում է Մուշեղ Շուշանյանը: Առաջիկայում Փաստաբանների պալատը այս գործերով նիստեր կհրավիրի: