Մատչելիության հղումներ

Ներդրողների ակումբը առաջին քայլերը կձեռնարկի աշնանը


Տնտեսական զարգացման փոխնախարար Հովհաննես Ազիզյանը լրագրողների հետ հանդիպմանը: 18-ը հուլիսի, 2017 թ․
Տնտեսական զարգացման փոխնախարար Հովհաննես Ազիզյանը լրագրողների հետ հանդիպմանը: 18-ը հուլիսի, 2017 թ․

Հայաստանի ներդրողների ակումբը, որը 2017-ի համար խոստացել էր մոտ 300 միլիոն դոլարի ներդրումնային ծրագրեր իրականացնել, առաջին շոշափելի քայլերը կանի միայն աշնանը։

«Հոկտեմբերին կամ նոյեմբերին կտեսնեք հայտարարված ծրագրերի մասին», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Տնտեսական զարգացման փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։

Նրա խոսքով, ներդրումային ծրագրեր մշակելը ժամանակ է պահանջում, և այժմ քննարկումները տարվում են հիմնականում երկու ուղղությամբ․ - «Ակումբի կողմից իրականացվող ծրագրերը հիմնականում ուղղված են լինելու վերականգնող էներգետիկայի և էներգետիկայի ոլորտում: Այժմ քննարկվում է նաև որոշակի մշակող արդյունաբերության ծրագրերում ակումբի ներգրավվածության հնարավորությունը»:

Մոտ երեք տասնյակ ռուսաստանաբնակ հայ գործարարաներից կազմված Ներդրողների ակումբը, հիշեցնենք, այս տարվա հունվարի 25-ին հայտարարություն էր տարածել Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին ու բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։ Վարչապետ Կարապետյանը ակումբի ստեղծումը որակել էր բեկումնային։

Հարցին, թե առաջին ծրագրերի համար ակումբը որքա՞ն գումար է հատկացնելու, Հովհաննես Ազիզյանը պատասխանեց, թե գումարները մեծ են, թվեր, սակայն, չի նշում․ - «Այս փուլում չեմ կարող: Այս փուլում ես ինքս չեմ տիրապետում վերջնական արդյունքներին, որովհետև դրանք ընթացքում են»:

Էներգետիկ ոլորտում Ներդրողների ակումբին հետաքրքրում է երկու ճյուղ՝ արևային էներգիան և հիդրոէլեկտրոկայանները։ Փոխնախարարի ձևակերպմամբ՝ կան մեծ ՀԷԿ-ի կառուցման բավականին արդյունավետ ծրագրեր, որոնք մինչև այսօր ներդրողներ չեն գտել։ Այժմ կառավարությունն ակնկալում են, որ հենց դրանք կֆինանսավորվեն ակումբի կողմից․ - «Ես չգիտեմ հստակ, թե որ ծրագրերից կարող է վերջնական որոշում կայացվել, բայց, օրինակ, Շնող ՀԷԿ-ը»:

Շնող ՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Լոռիում՝ Դեբետ գետի վրա։ 76 մեգավատտ հզորությամբ կայանը, ըստ Էներգետիկայի նախարարության տվյալների, պահանջում է շուրջ
150 մլն դոլարի ներդրում։ Այսինքն՝ ներդրողների ակումբի խոստացած 300 միլիոն դոլարի ճիշտ կեսը։

Էներգետիկ ոլորտից զատ Ներդրողների ակումբը հետաքրքրվում է նաև սննդի արդյունաբերությամբ։ Փոխնախարարի տեղեկացմամբ՝ այստեղ նոր արտադրություն սկսելուց բացի, ակումբը կարող է օգնության ձեռք մեկնել վարկային ծանր բեռի տակ աշխատող ձեռնարկություններին․ - «Հենց այդ ձեռնարկություններում ենք մենք փորձում ուղղորդել ակումբին իրականացնել ներդրումներ: Իրենք հետազոտում են այդ ձեռնարկությունները»:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով՝ հունվարին տված, մարտին պաշտոնապես հաստատած խոստումները կյանքի կոչելու գործում տեսանելի քայլերն են պակասում, մինչև հիմա միայն խոսում են ծրագրերից, բայց դրանցում հստակություն չկա: Հաշվի առնելով նախկինի փորձը՝ Գևորգյանն անվստահությամբ է մոտենում ռուսաստանցի հայազգի գործարարների ակումբին: Նա մտավախություն ունի, որ այս անգամ էլ խոսքը գործ չի դառնա․ - «Մոտ տասը տարի առաջ հենց նույն գործող անձինք, որոնք այսօր ներառված են Ներդրողների ակումբում, հայտարարությամբ հանդես եկան և ընդհանուր առմամբ խոստացան 550 միլիոն դոլարի ներդրում: Բնականաբար ներդրումները չեղան Հայաստանում, բայց քաղաքական իրավիճակից ելնելով հայտարարություն էր դա․ Մարտի 1-ից մի քանի ամիս անց 2008 թվականի նրանք հանդես եկան այդ հայտարարությամբ»:

Հիմա, նաև 2008-ին, ներդրումների խոստումներ տվողներից մեկ էլ հայագգի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն էլ։ Տնտեսական մեկնաբանը պնդում է՝ 10 տարվա ընթացքում նա ընդամենը մի քանի խոշոր առևտրի կենտրոններ է կառուցել, որոնք տնտեսությանն առանձնապես օգուտ չեն տվել։

Գևորգյանի կարծիքով, այս անգամ էլ խոստումներն ավելի շատ կապված են քաղաքական իրավիճակի հետ՝ այն էլ 2018-ից հետո Կարեն Կարապետյանի վարչապետ մնալու հարցն է․ - «Ակումբի ստեղծումից հետո մենք պիտի տեսնեինք եթե ոչ կոնկրետ ներդրումները, այլ գոնե պիտի տեսնեինք, թե իրենք ինչ ծրագիր են վերցրել: Որ մենք էլ տեսնեինք․ որ այդ ծրագիրը իրենք ռեալ համարո՞ւմ են, ուզո՞ւմ են ներդրում անել, թե՞ ուղղակի նորից իրենց PR-ի շարունակությունն են իրենք անում»:

Գևորգյանը տարակուսած է նաև այն հանգամանքից, որ ակումբը կազմվել է միայն ռուսաստանաբնակ գործարարներից։

Հիշեցնենք նաև, որ մայիսին ակումբի անդամներից սոչիաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի անունը ռուսական լրատվամիջոցները կապեցին քրեական աշխարհի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG