Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը վերստին հաստատում է՝ Թեհրանը հետևում է միջուկային համաձայնագրին


Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկում, արխիվ
Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ Իրանը հետևում է միջուկային համաձայնագրի պայմաններին, միևնույն ժամանակ պնդում, որ պաշտոնական Թեհրանը խախտում է պայմանագրի ոգին:

Ամերիկյան օրենքի համաձայն՝ գործադիր իշխանությունը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակի վերջում Կոնգրեսին զեկուցել միջուկային պայմանագրի կատարման ընթացքի մասին, թե որքանով է Իրանը հետևում միջուկային ոլորտում ստանձնած պարտավորություններին, որոնց դիմաց ազատվել է արևմտյան՝ այդ թվում ամերիկյան պատժամիջոցներից:

Իր նախագահության կես տարվա ընթացքում Դոնալդ Թրամփը արդեն երկրորդ անգամ է հաստատում, որ Իրանը հավատարիմ է պայմանագրի դրույթների կատարմանը, չնայած նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրապետական թեկնածուն բազմիցս խստորեն քննադատել էր ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի մասնակցությամբ կնքված համաձայնագիրը՝ անվանելով այն «պատմության ընթացքում ամենավատ գործարք»:

Ներկայացնելով միջուկային պայմանագրի կատարման ընթացքը՝ ամերիկացի պաշտոնյաները երեկ լրագրողներին նաև հայտնեցին, որ Սպիտակ տունը Իրանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ է պատրաստում, որոնք կսահմանվեն ի պատասխան Իրանի բալիստիկ ծրագրին և «այն բանի համար, որ Թեհրանը խթանում է տարածաշրջանում լարվածության ուժեղացումը»:

Անանունության սկզբունքով լրատվամիջոցների հետ զրուցած ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները երեկ փոխանցել են նաև, որ չնայած Թեհրանը հետևում է համաձայնագրի դրույթներին, այդուհանդերձ, նախագահ Թրամփը և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարծում են, որ Իրանը «շարունակում է լինել ամենամեծ սպառնալիքը ամերիկյան շահերին և տարածաշրջանային կայունությանը»:

Reuters-ի հետ զրույցում ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Իրանին մեղադրում են, մասնավորապես, բալիստիկ հրթիռների գործարկման, ահաբեկչության ֆինանսավորման, Սիրիայում տեղի ունեցող վայրագություններին մասնակցելու և Պարսից ծոցում սպառնալիքներ ստեղծելու մեջ:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Թրամփի վարչակազմը մտադիր է օգտագործել մի ռազմավարություն, որը համարժեք կլինի Իրանի թշնամական պահվածքին ընդհանուր առմամբ, այլ ոչ թե ընդամենը միջուկային համաձայնագրի հարցում:

Պաշտոնական Թեհրանի պատասխանը չուշացավ: Վաշինգտոնը նախ թող ինքը իրանականացնի իր ստանձնած պարտավորությունները, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Նյու Յորքի Արտաքին հարաբերությունների խորհրդում:

Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, թե Թեհրանը լուրջ է տրամադրված պայմանագրի հարցում և շարունակելու է կատարել իր պարտավորությունները միջուկային հարցերի հետ կապված պատժամիջոցների չեղարկման դիմաց։

Վերջին ամիսներին Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանցի երկու պաշտոնյաների և մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին: Ի պատասխան՝ Իրանը նույնպես պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան մի շարք ընկերությունների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG