Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 15-17-ը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում էր Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ այցի առաջին օրը Վիգեն Սարգսյանը ԼՂ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, տեղում ծանոթացել օպերատիվ իրադրությանը, դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններին:
Հաջորդ օրը Պաշտպանության բանակի շտաբում ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ժամանակ ՊԲ հրամանատարը ներկայացրել է ընթացիկ տարվա ձեռքբերումները, իրականացված և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների համալիրը:
Եռօրյա այցի վերջին օրը Սարգսյանը և Մնացականյանը այցելել են հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել հակառակորդի հնարավոր ոտնձգություններին առավել նպատակային հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, հանդիպումներ ունեցել հրամկազմի և ժամկետային զինծառայողների հետ, ասված է հաղորդագրությունում:
Լեռնային Ղարաբաղում Վիգեն Սարգսյանն ունեցել է մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, այցելել Հադրութում մեկնարկած համահայկական ուսանողական ճամբար և պատասխանել ճամբարականների հարցերին:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սարգսյանը եղել է նաև Ստեփանակերտի հոսպիտալում, հետաքրքրվել բուժվող զինծառայողների առողջական վիճակով, զրուցել նրանց հետ և շուտափույթ ապաքինում մաղթել: