«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը և Դանիել Իոաննիսյանին դատի տված բոլոր 30 տնօրենները հրաժարվել են ներկայացրած հայցերից», - «Ազատությանը» փոխանցեց տնօրենների ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ նրանք ականջալուր են եղել իրենց գործընկերոջ՝ Երևանի թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանի կոչին:
«Մամուլով հնչեց տնօրեններից մեկի՝ Սուսաննա Գալստյանի հայցերից հրաժարվելու կոչը՝ ուղղված իր գործընկերներին: Վերջինս նշել է, որ տնօրեն է․ «մենք պետք է ներողամիտ գտնվենք» և մի շարք այլ պատճառաբանություններ: Եվ հնչեցված կոչին միացան մեր մնացած՝ թվով 29 վստահորդները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Տնօրենների հայցերի քննությունը սկսվեց այսօր՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջին իսկ օրը երեք տնօրեններ հրաժարվեցին ներկայացրած պահանջներից:
Մինչև ամսվա վերջ ևս 27 դատավարություններ կան նշանակված: Նիստերին ոչ տնօրեններն էին եկել,ոչ էլ նրանց ներկայացուցիչները: Հայցերից հրաժարման մասին հայտարարեցին դատավորները․ - «Հայցվորի ներկայացուցիչը հայտարարեց, որ սույն դիմումով հրաժարվում եմ ներկայացված հայցից և խնդրում եմ գործի վարույթը կարճել»:
Խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հայտարարեց, որ հարյուրից ավելի դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ հանձնելով դրանք մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը հրապարակեց նաեւ տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։
Մեծ աղմուկ հանած բացահայտումը, սակայն, իրավապահներին չհետաքրքրեց. նրանք հարյուրից ավելի ձայնագրություններից որևէ մեկում քրեական գործ հարուցելու հիմքեր չտեսան։ Փոխարենը տնօրեններից 30-ը որոշեցին դատի տալկազմակերպությանն ու Իոաննիսյանին՝ պահանջելով ընդհանուր առմամբ 60 միլիոն դրամ և «զրպարտություն համարվող փաստացի տվյալների» հերքում։
«Ազատության» հետ զրույցում Երևանի թիվ 32 մանկապարտեզի տնօրեն Նաիրա Գևորգյանը այսօր կրկնեց Tert.am-ի հետ զրույցում Երևանի թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանի հայտարարությունը՝ ներել է Իոաննեսյանին դրա համար է հրաժարվել հայցից․ - «Ներել եմ իրեն: Պարզապես այն ժամանակ մի քիչ ինքը ակտիվություն էր ցուցաբերել, զայրացած էի պահի տակ, հիմա ներել եմ»:
Դանիել Իոաննեսյանը կարծում է, որ հայցերից հրաժարվելը տնօրենների սեփական նախաձեռնությունը չէ, այնպես, ինչպես և դրանք ներկայացնելը: Ասում է՝ օբյեկտիվ հիմքեր ունի ենթադրելու, որ հայցերի հետեւում ՀՀԿ-ն է կանգնած․ - «Ես հիմա չեմ ուզում պնդում անել, բայց դա իմ ենթադրությունն է․ բոլորս հիշում ենք, թե ինչպես էր Հանրապետական կուսակցությունը և, օրինակ, կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանում այս գործերը, և հրապարակավ հայտարարում, որ իրենք սատարում են տնօրեններին այս գործում: Իրականում մեր հրապարակումը ըստ էության վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանք էր Հանրապետական կուսակցության հասցեին, և Հանրապետական կուսակցությունը խնդիրներ ունեցավ փաստացի այդ հրապարակման արդյունքում և ոչ տօրենները»:
Երևանի թիվ 32 մանկապարտեզի տնօրեն Նաիրա Գևորգյանը հերքում է, թե իշխող Հանրապետականի ցուցումով է հրաժարվել հայցից․ - «Դա զուտ իմ անձնականն է: Ես եմ անձամբ, ինքս հրաժարվել»:
Հարցին, թե ինչպես ստացվեց, որ իր 29 գործընկեր տնօրենները նույնպես որոշեցին հրաժարվել՝ եթե Հանրապետական կուսակցության կողմից ուղղորդում չկա, նա պատասխանեց․ - «Ուղղորդում չկա»:
Պատասխանողի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը կարծիքով, տնօրենները հրաժարվել են հայցից, քանի որ գիտակցել են, որ գործը անհեռանկար է․ - «Եթե անգամ իրենք հասնեին որոշակի հաջողության՝ թեկուզև միայն իրավունքի խախտումը ճանաչելով կամ պարտավորեցնելով հերքել տվյալները, ապա սա անպայման գնալու էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվ եթե պրոցեսը ընթացքի մեջ լիներ, ապա Հայաստանը բավականին մեծ ճնշումների կենթարկվեր»: