Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, երեկ ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է՝ ռազմական նոր վարկի ստացման շուրջ:
«Նոր բանակցություններ այս պահին, այսպես ասեմ՝ տարբեր քննարկումներ ունենում ենք: Բայց որևիցե բան ֆորմալ դեռևս չունենք: Նախնական պայմանավորվածություն բարձր մակարդակի ժամանակին եղել է, որ Ռուսաստանի հետ ներքին գներով մեզ ռազմամթերք մատակարարվի: Որպես ստրատեգիկ մեր գործընկեր համաձայնվել էր, որ ներքին գներով դա մատակարարվի, և այդ շրջանակներում է բանակցությունները տարվում», - ասաց Արամյանը:
Նախարարն ասաց, որ ՀԱՊԿ անդամ երկրներից նման քննարկում Հայաստանը վարում է միայն Ռուսաստանի հետ՝ միաժամանակ չնշելով, թե ինչ գումարի մասին է խոսքը․ - «Երբ որ կլինի վերջնական տարբերակը, մենք դրա մասին կհայտնենք: Եթե անհանգստանում եք, որ արդյոք պարտքի տեսանկյունից խնդիր է, մենք նաև դա էլ ենք նայում, որ պարտքի տեսանկյունից խնդիրներ չունենանք»:
Վարդան Արամյանի խոսքով, նոր ռազմական վարկի շուրջ քննարկումները սկսվել են այս տարի․ - «Դրանք շարունակական են, իմիջիայլոց: Էնպես չի, որ, ասենք, հիմա ավարտեցինք, հետագայում Ռուսաստանի հետ որևիցե համագործակցության եզր չլինի: Ռուսաստանը եղել է մեզ զենք մատակարարող մեր գլխավոր գործընկերներից մեկը, և դրա համար էլ մեզ համար ռազմավարական գործընկեր է համարվում նաև պաշտպանական տեսանկյունից»:
Սպառազինություն գնելու նպատակով 200 միլիոն դոլար վարկ տրամադրելու համաձայնագիրը Մոսկվան Երևանի հետ ստորագրեց 2015-ի հունիսին, սակայն, դատելով պաշտոնյաների հայտարարություններից, մատակարարումները սկսվեցին հաջորդ տարի:
Ապրիլյան պատերազմից երկու օր անց Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անգամ դժգոհեց, թե համաձայնագրի իրականացման գործընթացը դանդաղել է:
«200 միլիոնը դեռևս մենք ունենք ծախսելու», - ասաց Արամյանը: - «Եթե չեմ սխալվում, շուրջ 30 միլիոնի կարգի մենք դեռևս ունենք, որ ռուսական փողից պետք է ծախսենք: Այնտեղ սխեման այնպիսին է, որ պետք է հասկանանք, թե ինչ ենք հասկանում ծախս ասելով: Որովհետև սխեման այնպիսին է, որ ապրանքները մատակարարվում են մեր պաշտպանության նախարարությանը, և գումարը վճարվում է ռուսական կապալառուներին, որոնք որ այդ ապրանքը ներքին գներով մատակարարում են մեզ»:
Ֆինանսների նախարարը նաև տեղեկացրեց՝ առաջիկա երեք տարիներին յուրաքանչյուր տարի Հայաստանը 26-27 միլիարդ դրամով ավելացնելու է իր պաշտպանանական բյուջեն․ - «Պաշտպանության նախարարության այսօրվա դրությամբ ծախսերը, ինչ որ նախատեսված է 2017 թվականի բյուջեով, ներառյալ նաև կապիտալ ծախսերը, շուրջ 226 միլիարդ դրամ է: Յուրաքանչյուր տարի մենք նախատեսում ենք պաշտպանությունում ավելացնել 26-27 միլիարդ դրամով: Բայց թիրախավորված է, ոչ թե անվանական ցուցանիշը, թիրախավորված է պաշտպանության ոլորտին հատկացվող գումարները ՀՆԱ-ի չորս տոկոսի սահմաններում»:
Նախարարի ներկայացրած թվերի համաձայն, 2020 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեն կհասնի շուրջ 640 միլիոն դոլարի․ - «Անկախ նրանից ապրիլյան պատերազմը կլիներ, թե չէր լինի, մենք մշտապես էլ այդպիսի ռիսկ ունենք։ Եվ այդ ռիսկը միայն ապրիլյան պատերազմից առաջ և հետո չի եղել: Դա 94 թվականից այս կողմ՝ զինադադարից էս կողմ, մենք մշտապես էլ ունեցել ենք այդ ռիսկը: Դրա համար մենք, որպես երկիր, մշտապես շեշտադրում ենք կատարել պաշտպանական նպատակներով ուղղվող ծախսերին գերակայության տրմանը, որովհետև ամեն դեպքում մենք պետք է բալանսը պահենք»: