Մատչելիության հղումներ

ՌԴ-ն փորձում է ճնշում գործադրելով Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալ. ակտիվիստ


«Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացման» շարժման անդամ Արմեն Հովհաննիսյանի գնահատմամբ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկը Հայաստանի իշխանություններին՝ Հայաստանում ռուսերեն լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու մասին, որակապես տարբերվում է նախկինում հնչած նմանաբովանդակ հայտարարություններից։

«Որակական տարբերություն կա, բազմիցս փորձ է արվել Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ հրամցնել, բայց շատ անգամ դա խրախուսելու, խրախուսման խոսք տալու ձևով, օրինակ՝ վարկեր, եղել է էդպիսի դեպքեր։ Բայց առաջին անգամ պետական մակարդակով՝ օրենսդրական մակարդակով ընդունված արդեն ճնշման մասին է խոսքը, այսինքն՝ սանկցիաների մասին է խոսքը՝ «ով որ դա չանի, մենք ձեր դեմ կկիրառենք սանկցիաներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ ԵՏՄ միակ երկիրը, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ չունի դա Հայաստանն է։ «Պարզ է, որ առաջին թիրախները Ուկրաինան և Հայաստանն են։ Ինչո՞ւ, որովհետև մեծ համայնքներ, աշխատողներ կան Ռուսաստանում՝ Հայաստանի քաղաքացիներ, Ուկրաինայի քաղաքացիներ, և այդ երկրներում ռուսերենը պաշտոնական որևէ կարգավիճակ չունի, նաև հիշեցնեմ, որ ԵԱՏՄ միակ երկիրը, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ չունի, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Այն որ մենք թիրախ ենք և առաջնային թիրախ ենք այդ օրենքի, պարզ էր առանց Վոլոդինի հայտարարության», - ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ ոչ-հավասար հարաբերություններում կա գերիշխող կողմ և ճնշված կողմ, Հայաստանը միանշանակ զոհի դերն է վերցրել։

«Այդպիսի հայտարարություններին իրենց արժանապատվությունը և ինքնիշխանությունը հարգող երկրներում դեմարշներ են արվում տեղում և միանգամից։ Այսինքն՝ միանգամից հայտարարում են, որ դա քննարկման ենթակա թեմա չէ, հայտարարվում է, որ Հայաստանի Սահմանադրությունում միակ պետական լեզուն հայերենն է։ Եթե իրենք ուզում են ինչ-որ կարգավիճակ տան, իրենք պետք է կա՛մ հերթական անգամ Սահմանադրությունը խեղաթյուրող ինչ-որ օրենսդրական ակտեր ընդունեն, կա՛մ պետք է հանրաքվեի դնեն և փոխեն Սահմանադրությունը։ Այլ կերպ փոխելու որևէ լծակ չկա», - ասաց Հովհաննիսյանը։

Այսօր, արձագանքելով Վոլոդինի հայտարարությանը Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն, ասել է, որ Ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա։

«Այդ պահին Ռուսաստանի Պետդումայի ղեկավարի կողմից նման գաղափարի հնչեցման պարագայում պատասխան ելույթով հանդես եմ եկել ես և ընդգծել եմ, որ ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա և չի նախատեսվում: Ցավում եմ, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ հատվածական են ներկայացրել քննարկման բովանդակությունը», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Աշոտյանը:

Հիշեցնենք, որ այսօր ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հայաստանում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ, որպեսզի հայաստանյան վարորդական վկայականները ճանաչվեն նաև Ռուսաստանի կողմից:

Հուլիսի 14-ին էլ Ռուսաստանի պետդուման ընդունել էր մեկ այլ օրենք, որով Ռուսաստանի տարածքում ճանաչվում է ԵՏՄ մի քանի անդամ երկրների քաղաքացիների ազգային վարորդական իրավունքը: Խոսքն այն անդամ երկրների մասին էր, որոնցում ռուսերեն լեզուն ունի պաշտոնական կարգավիճակ:

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Վոլոդինն ասել է․ - «Ես կարող եմ ասել միայն մեկ բան՝ տվեք ռուսերենին պաշտոնական կարգավիճակ, և այդ դեպքում [հուլիսի 14-ին ընդունված] օրենքն ավտոմատ կերպով կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG