Մատչելիության հղումներ

Վոլոդինը երկընտրանքի առաջ է կանգնեցնում՝ տվեք ռուսերենին կարգավիճակ, կճանաչենք ձեր վարորդական իրավունքները


Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ
Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է ՌԴ Պետդումայի խոսնակի հայտարարությանը՝ «Ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա և չի նախատեսվում»:

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հայաստանում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ, որպեսզի հայաստանյան վարորդական վկայականները ճանաչվեն նաև Ռուսաստանի կողմից:

Այս մասին հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը, հիշեցնելով, որ Ռուսաստանում 2017 թ․ հունիսի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, որն օտարերկրյա քաղաքացիներին արգելում է երկրի տարածքում աշխատել ազգային վարորդական իրավունքով: Հուլիսի 14-ին էլ Ռուսաստանի պետդուման ընդունել էր մեկ այլ օրենք, որով ՌԴ տարածքում ճանաչվում է ԵՏՄ մի քանի անդամ երկրների քաղաքացիների ազգային վարորդական իրավունքը: Խոսքն այն անդամ երկրների մասին է, որոնցում ռուսերեն լեզուն ունի պաշտոնական կարգավիճակ:

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Վոլոդինը, մասնավորապես, նշել է․ «Ես կարող եմ ասել միայն մեկ բան՝ տվեք ռուսերենին պաշտոնական կարգավիճակ, և այդ դեպքում [հուլիսի 14-ին ընդունված] օրենքն ավտոմատ կերպով կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա»:

Այսօր ավելի ուշ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է ՌԴ Պետդումայի խոսնակի հայտարարությանը, մասնավորապես նշելով․ «Այդ պահին Ռուսաստանի Պետդումայի ղեկավարի կողմից նման գաղափարի հնչեցման պարագայում պատասխան ելույթով հանդես եմ եկել ես և ընդգծել եմ, որ ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա և չի նախատեսվում: Ցավում եմ, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ հատվածական են ներկայացրել քննարկման բովանդակությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Աշոտյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների վավերական լինելուն, Աշոտյանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունները պայմանավորվել են հայկական վարորդական իրավունքների ճանաչման հետ կապված քննարկումները շարունակել խորհրդարանական այլ ձևաչափերով:

Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին նոր օրենքը: Այդ օրենքի գործարկման հետևանքով Ռուսաստանում աշխատող հայաստանցի վարորդների մեծ մասը կորցրել է աշխատանքը, շատերն էլ հայրենիք են վերադարձել: Խնդիրն այն է, որ Ռուսաստանում այլևս արգելվում է աշխատանքային պայմանագրեր կնքել օտարերկրյա քաղաքացիների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG