Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 առաջին արևային համակարգային 55 մեգավատ հզորությամբ կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու նպատակով հայտարարված միջազգային մրցույթի երկրորդ փուլին կմասնակցի 10 ընկերություն և կոնսորցիում, տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:
Նախաորակավորման հայտերի տեխնիկական, ֆինանսական և իրավական գնահատման արդյունքում այդպիսի որոշում է կայացրել գնահատող հանձնաժողովը։
Մրցույթի երկրորդ փուլ են անցել նիդեռլանդական, ամերիկական, կորեական, գերմանական և մի շարք այլ երկրներ ներկայացնող հայտնի ընկերություններ:
«Այս փուլում նախաորակավորման մրցույթն անցած մասնակիցները կմրցեն գնային առաջադրանքի շուրջ։ Նախապատվությունը կտրվի այն ընկերությանը կամ կոնսորցիումին, որը կներկայացանի ամենացածր և մրցունակ գնային առաջարկը», - նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Երկրորդ փուլի մրցույթը կհայտարարվի ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Մրցութային գործընթացը կավարտվի հաջորդ տարվա սկզբին և կմեկնարկի կայանի կառուցումը։
Ակնկալվում է, որ արդեն 2018թ. կսկսվի 55 մեգավատ հզորությամբ առաջին արևային համակարգային կայանի շինարարությունը։