«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության և դրա ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացրած 30 տնօրենների հայցի առաջին նիստին տնօրեններից Երանուհի Հարությունյանը չէր ներկայացել։
Դատարանում դատավոր Անի Մխիթարյանը հայտարարեց, որ հայցվոր Հարությունյանը հրաժարվել է ներկայացված դիմումից։
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հայտարարել էր, որ հարյուրից ավելի դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ Հանրապետական կուսակցության համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը ներկայացրել էր նաև տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։
Արդեն ընտրություններից հետո հայտնի դարձավ, որ դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեններ դիմել են դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության՝ պահանջելով հերքում և 2-ական միլիոն դրամ։
Դատավորն այսօր հայտարարեց, որ իր վարույթում գտնվող մյուս տնօրեն հայցվորները նույնպես հրաժարվել են դիմումներից։
Ըստ փաստաբանների, Անի Մխիթարյանի մոտ նույնաբովանդակ ևս չորս գործ է քննվում։