Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրանի» արժանացավ «Ցանկալի Դուրգան» գեղարվեստական ֆիլմը


Երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հայտարարվեցին նաև մրցանակակիր ֆիլմերը:

Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, գնահատելով փառատոնի ընթացքն ասաց․ - «Շատ գոհ եմ արդյունքներից: Տարբեր բաներ եղան՝ և՛ գեղեցիկ, և՛ շատ ոգեշնչող, և՛ շատ վիրավորական, և՛ շատ տխուր: Մոտ 40 համաշխարհային գլուխգործոցներ էին, ժողովուրդը նայեց լիքը դահլիճներով: Տոմս չկար համարյա 95 տոկոս ֆիլմերի համար: Զուգահեռ բոլոր ծրագրերը, վարպետության դասերը հրաշալի անցան, հյուրերը գնացին՝ դառնալով Հայաստանի մեծագույն սիրահարները, որդիները և հիմա ամեն տեղ պատմելու են Հայաստանի և Երևանի լավ լինելու մասին: Երջանիկ եմ շատ: Եթե թերություններ ունենք՝ կաշխատենք այնպես անենք՝ վերացնենք»:

Եվ այսպես միջազգային խաղարկային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակի արժանացավ հնդիկ կինոռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան» գեղարվեստական ֆիլմը, իսկ «Արծաթե ծիրանը» հանձնվեց բրազիլացի կինոռեժիսոր Աֆոնսու Ժուան Դումանսի «Արաբիա» գեղարվեստական ֆիլմին: Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցութային հանձնաժողովի նախագահն էր բրիտանացի անվանի կինոռեժիսոր Հյու Հադսոնը, որն այսօր հրավիրված փառատոնի ամփոփիչ ասուլիսին շեշտեց, որ նույնիսկ չէր ակնկալում «այսքան լավ ֆիլմեր տեսնել:

«Մենք ընտրեցինք իսկապես կինեմատոգրաֆիկ մի ֆիլմ որպես հաղթող, հզոր ֆիլմ», - ասաց Հադսոնը:

Միջազգային վավերագրական մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ ռեժիսոր Ռաեդ Անդոնի «Ուրվականների որսը», իսկ «Արծաթե ծիրանը» ստացավ թուրք կինոռեժիսոր Սերդար Օնալի «Դերդո մայրիկը և ընկուզենին» հայ-թուրքական համատեղ ֆիլմը:

Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցութային հանձնաժողովի նախագահն էր անվանի կինոռեժիսոր Յուջին Քորը:

«Սա ինձ համար մի մեծ փորձառություն էր և մի մեծ փառատոն: Ինձ մոտ մնաց շնորհակալության զգացմունք այս ամենից հետո: Երևի պատճառը ի վերջո հայ ժողովուրդն է և ձեր պատմությունը», - ասաց վավերագրական ֆիլմերի մրցութային հանձնաժողովի նախագահը:

Դե իսկ «Հայկական համայնապատկեր» ծրագրում «Ոսկե ծիրանի» արժանացավ ամերիկահայ մեր հայրենակից Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լաց եղավ» խաղարկային ֆիլմը, որն ի դեպ արժանացավ նաև «Ոսկե Ծիրանի» Հրանտ Մաթևոսյանի անվան լավագույն սցենարի համար սահմանված մրցանակին:

Կինոգետ, թարգմանիչ, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի նախագահ, մրցութային հանձնաժողովի անդամ Դավիթ Մաթևոսյանի խոսքով

«Սա միանձնյա կերպով երբեք չի որոշվել և չի որոշվում: Սա փառատոնի և մեր մրցանակն է, որը կառավարության առաջարկով փառատոնն ընդունել է: Միշտ որոշել է և որոշելու է «Հայկական համայնապատկեր»-ի ժյուրին մեր հիմնադրամի ներկայացուցչի հետ միասին», - նշեց Մաթևոսյանը:

«Հայկական համայնապատկերի» վավերագրական ֆիլմերի համար նախատեսվածի «Ոսկե ծիրան» մրցանակն էլ ստացավ Թամարա Ստեփանյանի «Ձյուն կա» ֆիլմը, որն այսօր փառատոնի փակման ասուլիսին շատ բարձր գնահատեց «Հայկական համայնապատկեր» ծրագրի մրցութային հանձնաժողովի նախագահ բրիտանացի անվանի դերասանուհի Մարիամ Դ՝ Աբոն:

Fipresci-ի ժյուրիի մրցանակն էլ հանձնվեց իրանցի կինոռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի «Անկաշառը» գեղարվեստական ֆիլմին:

Հավելենք, որ ինչպես միշտ, այս անգամ ևս փառատոնի մրցութային ծրագրերին ներկայացված ֆիլմերից մի քանիսն էլ արժանացան ժյուրիի կողմից սահմանված հատուկ մրցանակներին: Այսօր հրավիրված ասուլիսին մրցութային բոլոր հանձնաժողովների ի նախագահներն ու անդամները շեշտում էին, որ փառատոնն անցավ շատ ջերմ մթնոլորտում, չափազանց բաց և ազատ, իսկ ի պատասխան հարցիս, թե այնուամենայնիվ՝ որն է «Ոսկե Ծիրանի» առանձնահատկությունը Հյու Հադսոնը ընդամենը մեկ բառով ձևակերպեց՝ սերը, հետո հարցրեց՝ «մի՞թե դա բավարար չէ»:

Հաջորդ տարի կայանալիք «Ոսկե Ծիրան» 15-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնի աշխատանքներն էլ սկսվում են հենց այսօրվանից, հավաստիացնում է փառատոնի հիմնադիր նախագահ , կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG