Մատչելիության հղումներ

Հայաստանի իշխանությունները Եվրամիությունից աջակցություն են ակնկալում նաև քաղաքական հարցերում


Տարիներ առաջ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից անակնկալ կերպով հրաժարված հայաստանյան իշխանությունները այժմ հայտարարում են, որ այդ կառույցից քաղաքական աջակցություն են ակնկալում։ Այսօր քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արմեն Աշոտյանը ընդգծեց՝ քաղաքական աջակցություն նաև Լեռնային Ղարաբաղի հարցում։

«"More for more" («Ավելին՝ ավելիի դիմաց») բանաձևի մեջ ես՝ որպես հանձնաժողովի նախագահ և պատվիրակության ղեկավար, բոլոր մեր եվրոպացի գործընկերներին այլևս ասում եմ, որ այդ more-ի տակ ենք ակնկալում ենք ոչ միայն գումար, այլ նաև՝ քաղաքական աջակցություն: Որովհետև բարեփոխվող երկիրը, իր բոլոր դժվարություններով փոփոխվող երկիրը, եվրոպական մոդելին հավատարիմ երկիրը կարող է աջակցություն ակնկալել նաև եվրոպական քաղաքական վերնախավից՝ իրեն հուզող քաղաքական հարցերում՝ դա լինի հայ - թուրքական սահմանի բացման հետ կապված խնդիրներից մինչև տարածաշրջանային կայունություն և Լեռնային Ղարաբաղի խնդիր», - հայտարարեց Աշոտյանը:

Ավելի քան երեք տարի Եվրամիության հետ քննարկումներից հետո, 2013 թվականի սեպտեմբերին, Հայաստանը մեկ գիշերվա ընթացքում նախագահ Սերժ Սարգյանի ձեռամբ հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից և ստորագրեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հուշագիրը։ Տարիներ անց Հայաստանը և Եվրամիությունը համագործակցության նոր համաձայնագիր մշակեցին, փաստաթուղթը նախաստորագրվեց 2017 թվականի սկզբին։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կստորագրվի այս տարվա նոյեմբերին։ Նոր փաստաթուղթն, ըստ փորձագետների, էականորեն զիջում է նախորդին, Աշոտյանը, սակայն, վստահ է՝ այն նոր թափ կհաղորդի Եվրամիության հետ համագործակցությանը։

«Երկար ժամանակ Եվրամիության հետ հարաբերություններում կար կարծրացած հանրային ընկալման, քաղաքական անգամ շրջանակներում ընկալման մի մոդել, որը Եվրամիությունը դիտարկում էր բացառապես որպես ֆինանսական դոնոր, բացառապես որպես «բանկոմատ», ներեցեք բառիս համար, որտեղ «ճիշտ կոդը հավաքելու» դեպքում պետությանը կարող է գումար տան: Իհարկե, Եվրամիությունը գրավիչ է Հայաստանի համար նաև որպես ֆինանսական աջակից, սակայն, կարծում եմ, այս ձևչափը չի կարող, այս մոտեցումը չի կարող համապարփակ լինել, եթե մենք չտանք այս մոդելին՝ մեր համագործակցության մոդելին, նաև քաղաքական նշանակություն», - ասաց իշխող կուսակցության պատգամավորը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Եվրամիությունից քաղաքական աջակցություն ակնկալող հանրապետական գործընկերոջը հորդորում է նախևառաջ կատարել այդ կառույցի առջև ստանձնած պարտավորությունները։

«Եվրոպական միության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հստակ մեկ ֆորմուլա են արձանագրում՝ Հայաստանի հետ մեղրամիսը ավարտված է, և այլևս, այո, հենց իրենք են արձանագրում, որ Եվրոպական միությունը չի պատրաստվում այլևս «բանկոմատ» աշխատելու Հայաստանի համար», - շեշտեց Զոհրաբյանը:

Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նկատում է՝ Եվրամիությունն առանց այդ էլ Հայաստանին մեծ աջակցություն է ցույց տալիս, մնում է իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն և ճիշտ օգտագործեն այն․ - «Ես աջակցության ավելի լայն ձև, քան՝ կոռուպցիայի դեմ պայքարի աջակցություն, քան՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների աջակցություն, քան՝ արդար պետական կառավարման ոլորտում աջակցություն, կամ այս մաքսայինը՝ սրանք բոլորը եթե մենք ի մի ենք գումարում՝ սա քաղաքական օրակարգ է մեծ առումով, բա կոռուպցիան քաղաքական օրակարգ չէ՞՝ ամենամեծ քաղաքական օրակարգը կոռուպցիան է: Այլ հարց է, որ Հայաստանը ինքը պիտի իր պարտավորությունները կատարի, ոչ թե դեկլարատիվ հայտարարություններ անի: Թղթի շերեփների ժամանակները անցել են՝ մենք պիտի կոնկրետ քայլեր կատարենք»:

Այսօրվա քննարկմանը ներկա քաղհասարակության ներկայացուցիչներից մի քանիսին զարմացրեց Աշոտյանի հայտարարությունը։ Նրանք հանրապետական պատգամավորին հիշեցրին՝ Եվրամիության հետ նոր համագործակցության փաստաթուղթ մշակելիս Հայաստանն ամեն կերպ փորձել է չհակադրվել Ռուսաստանի ու նրա նախաձեռնությամբ ստեղծված Եվրասիական տնտեսական միության շահերին։ Քաղհասարակության ներկայացուցիչները Աշոտյանին նաև ուղիղ հարց տվեցին՝ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանն, այդուհանդերձ, 2013-ին ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը։

«Եկեք նայենք՝ ինչ է լինում այն երկրներում, որոնք այս գործընկերությունը վերածեցին աշխարհաքաղաքական պայքարի՝ ի՞նչ է լինում այդ երկրներում: Հայաստանն ունի՞ այդ ռազմավարական խորությունն ու անվտանգային մեջքը, որ թույլ տա իրեն դառնալ երկու-երեք գերտերությունների բախման տարածք, ունե՞նք մենք այդ պատմական իրավունքը: Ի՞նչ դարձավ այն պետությունների տարածքների հետ, բնակչության հետ, տնտեսության հետ, որոնք թույլ տվեցին, որ իրենց պետության տարածքում բախվեն ուրիշի շահերը», - հարցին արձագանքեց իշխող կուսակցության ներկայացուցիչը՝ շարունակելով․ - «Չեմ անվանարկում, բայց օրինակ՝ Մոլդովա, Վրաստան․․․»:

Հայաստան-Եվրամիության նոր համաձայնագրի բովանդակությունը դեռ հայտնի չէ, փաստաթուղթն առայժմ չի հրապարակվել ԵՄ-ի կողմից։ Քաղհասարակության ներկայացուցիչները հնարավոր են համարում, թե կառույցը մտավախություն ունի, որ նախապես հրապարակվելու դեպքում Հայաստանի նկատմամբ կարող են նոր ճնշումներ բանեցվել Ռուսաստանի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG