ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Հայաստանի, շուրջ 5 հազար զինծառայողներ վարժանքներ են անցկացնում Ռումինիայում, որոնց հետևում են Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականներն ու Ռումինիայի նախագահը:
Վարժանքների մեկնարկին Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Հայաստանի, Ռումինիայի և Խորվաթիայի զորախմբերը կրակ են բացել՝ ամերիկյան և ռումինական օդուժի աջակցությամբ:
Միացյալ Նահանգների հրամանատարությամբ անցկացվող զորավարժությունները սկսվել են այս շաբաթ և կշարունակվեն մինչև հուլիսի 20-ը: Հաղորդվում է, որ դրանց նպատակն է վստահություն ներշնչել Արևելյան Եվրոպայի երկրներին, որտեղ մտահոգված են, թե Ռուսաստանը կարող է նոր ագրեսիաների գնալ Ղրիմի բռնակցումից հետո: