Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Հայ-ամերիկյան հարաբերություններում զարգացման մեծ ներուժ կա


Ամերիկյան օժանդակությունը Հայաստանին աստիճանաբար վեր է ածվում տնտեսական համագործակցության, այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայ-ամերիկյան հարաբերություններին նվիրված հանդիպման ընթացքում:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում նշելով, որ այս տարի Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նշում են միջպետական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Նախագահն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջև հաստատվել է ամուր գործընկերային կապ:

«Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները մշտապես ցուցաբերել է օժանդակություն, և ԱՄՆ կառավարության կողմից այս տարիների ընթացքում Հայաստանին հատկացված տեխնիկական ու մարդասիրական օժանդակությունը հասել է գրեթե 2 միլիարդ դոլարի», - փաստել է Սերժ Սարգսյանը: - «Աստիճանաբար օժանդակությունը վեր է ածվում տնտեսական համագործակցության, և այսօր Հայաստանում գործող ամերիկյան կապիտալի մասնակցությամբ 800-ից ավելի ընկերությունները լուրջ ներդրումներ ունեն այդ գործում», - հավելել է նա՝ որպես օրինակ բերելով էներգետիկայի ոլորտում համագործակցությունը «Կոնտուր գլոբալ»-ի, հանքարդյունաբերության ոլորտում՝ «Լիդիան Ինթերնեյշնլի» հետ:

Սերժ Սարգսյանը գնահատել է համագործակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն նշել, որ այստեղ ներուժը շատ ավելին է: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության աշխատանքը Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի գործունեությունը:

«Այնուհանդերձ, ինչպես բոլոր հարաբերություններում, մեզ դեռևս չի բավարարում այսօրվա հարաբերությունների մակարդակը. զարգացման շատ մեծ ներուժ կա՝ հաշվի առնելով ԱՄՆ տնտեսության զարգացվածության մակարդակը, հաշվի առնելով այդ երկրի պատրաստակամությունը և, անշուշտ, մեծ ներուժ ունեցող հայկական համայնքի առկայությունը Միացյալ Նահանգներում», - նաև ասել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG