2015 թվականի աշնանը Երևանում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը 2 ժամով ընդմիջվեց` այս գործով գլխավոր մեղադրյալներից մեկի՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի գործով հանրային պաշտպան ներգրավելու համար:
Ինչպես նախորդ դատական նիստի ժամանակ, այսօր ևս դատարան չբերեցին Շիրխանյանին: Հունիսի 23-ի նիստի ընթացքում նրա նկատմամբ սանկցիա էր կիրառվել ոտքի չկանգնելու համար, և Շիրխանյանը երեք ժամով հեռացվել էր դահլիճից:
Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը պահանջեց նիստերի դահլիճ բերել իր պաշտպանյալին՝ պնդելով, որ սանկցիայի ժամկետն ավարտվել է։
Դատավոր Արմեն Բեկթաշյան հակադարձեց՝ չի լրացել: Ալումյանն ասաց, որ իր վստահորդը հայտարարոթյուն ունի անելու, ու քանի դեռ նրան դատարանի դահլիճ չեն բերել, ապա ինքը նիստին չի մասնակցի ու լքեց դահլիճը:
Դատավորը 2 ժամով ընդմիջում հայտարարեց՝ այս գործով հանրային պաշտպան ներգրավելու համար:
2015-ի նոյեմբերին, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց զինված խմբավորման 9 անդամների՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ: 33 անձի մեղադրանք առաջադրվեց: Ամբաստանյալի կարգավիճակում գտնվող 20 անձանցից 12-ը կալանավորված են, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ: Ըստ ԱԱԾ-ի, հանցավոր խումբը բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նպատակ է ունեցել: