Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հաղորդում Բաբայանի գործով՝ նա փորձել է քիմմաքրման միջոցով շրջանառել ապօրինի 5000 եվրո


Սամվել Բաբայան, արխիվ
Սամվել Բաբայան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր մանրամասներ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով՝ տեղեկացնելով, որ փողերի լվացման և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու վերաբերյալ քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է:

Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի՝ Սամվել Բաբայանը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Նրան առաջադրված մեղադրանքի համաձայան, Բաբայանը միջոցներ է ձեռնարկել Ռուսաստանում բնակվող իր ծանոթի միջոցով հանցավոր ճանապարհով ստացված, հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված եվրո թղթադրամների մեծ խմբաքանակ ձեռք բերելու, քիմիական մաքրման և վերամշակման միջոցով դրանց հանցավոր ծագումը խեղաթյուրելու և հետագայում Հայաստանում շրջանառության մեջ դնելու համար:

ԱԱԾ-ն նշում է, թե Սամվել Բաբայանը ծանոթներից փորձնական ձեռք է բերել 4 հատ թղթադրամ, դրանք այլ անձանց միջոցով փոխանցել քիմիայի ոլորտում գիտելիքներ ունեցող՝ Բուժական գյուղի բնակիչ Ժորա Զաքարյանին: Վերջինս էլ իրեն տրամադրված թղթադրամների վրա առկա ներկանյութը քիմիական լուծույթից մաքրել է և նույն անձանց միջոցով վերադարձրել է Սամվել Բաբայանին:

ԱԱԾ-ն պնդում է՝ հավաստիանալով ցանկալի արդյունքի մեջ, Բաբայանը 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իր ծանոթներից ձեռք է բերել 100 հատ 50 եվրո անվանական արժեքով, ընդհանուր 5000 եվրո չափով ներկված թղթադրամներ, որի դիմաց վճարել է 2900 ԱՄՆ դոլար: Գումարների՝ ավտոբուսով Ռուսաստանից Հայաստան տեղափոխելուց հետո դրանք ԱԱԾ-ն 2016-ի սեպտեմբերին Երևանում հայտնաբերել և առգրավել է:

Փողերի լվացումից բացի Սամվել Բաբայանը մեղադրվում է նաև «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ նա խոստացել է 50 հազար ԱՄՆ դոլար վճարել Վաղարշապատի բնակիչ Սանասար Գաբրիելյանին, նրան դրդելով ապօրինի կերպով ձեռք բերել հիշյալ զինատեսակը: Վերջինս մի քանի այլ անձանց, տվյալ դեպքում՝ Հրաչյա Մայիլյանի և Արմեն Պողոսյանի միջոցով Վրաստանից ռազմամթերքը ձեռք է բերել և տեղափոխել է Վաղարշապատ քաղաք:

ԱԱԾ-ն նշում է, թե ռազմամթերքի լուսանկարները ներկայացրել են Բաբայանին, նա էլ խոստացել է 50 հազար ԱՄՆ դոլարը վճարել մի քանի օրվա ընթացքում, հանձնարարելով ռազմամթերքը տեղափոխել Արցախի Նարիշտար գյուղ, ամայի վայրում թաքցնել հողի մեջ և տրամադրել թաքստոցի լուսնակարները: Սակայն, 2017-ի մարտի 22-ին Մայիլյանը ռազմամթերքը ինքնակամ ներկայացրել է ԱԱԾ-ին: Նույն օրը ձերբակալվել են նաև Սանասար Գաբրիելյանը և Սամվել Բաբայանը:

Ուշագրավ է, որ ըստ ԱԱԾ-ի, այս հաղորդագրության մեջ նշված «Իգլայից» բացի ևս մեկ «Իգլայի» արձակման խողովակ, իր մարտական հրթիռով, հայտնաբերվել է Հայթաղ գյուղում: Հավելենք՝ ԱԱԾ -ն քրեական գործը մեղադրական եզարակացությամբ ուղարկել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Հաստատվելու դեպքում այն 5-օրյա ժամկետում կուղարկվի դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG