Արդեն մեկ տարի կալանքի մեջ գտնվող Կարո Եղնուկյանը հայտարարում է, թե մինչ այս պահը չի հասկանում՝ իր ո՞ր գործողության համար են իրեն նման ծանր մեղադրանք առաջադրել։ Ընդդիմադիր գործիչն այսօր դատարանից պահանջեց քննիչին ու դատախազին պարտավորեցնել՝ բացատրել, թե ինչու է ինքը հայտնվել ամբաստանյալի կարգավիճակում։
«Օրինակ՝ երբ մեղադրվում եմ պատանդներին պահելու օժանդակության մեջ այն բանի համար, որ կնոջս հետ հեռախոսով խոսել ենք 3 հոգու ՊՊԾ գնդում թունավորելու մասին, ինձ պարզ չէ, թե ինչպե՞ս այդ հեռախոսազրույցը կարող է համարվել օժանդակություն»,- դատարանում ասաց Եղնուկյանը:
«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող ընդդիմադիր գործիչը մեկ առ մեկ անդրադարձավ մեղադրանքում նշված դրվագներին, փորձելով հասկանալ, թե ինչպես է քննիչը դրանցում հանցակազմ տեսել: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց՝ կալանավորման առաջին իսկ պահից Եղնուկյանը ցուցմունքում գրել է, որ մեղադրանքն իրեն հասկանալի չէ։ Փաստաբանը նաև հեգնեց՝ այն, ինչ նկարագրել են իրավապահները, ի զորու չեն լինի վերարտադրել անգամ աշխարհահռչակ կինոռեժիսորները։
Քննիչն ու մեղադրանքը հաստատած դատախազը, մինչդեռ, ինչպես նախորդ երկու նիստերին, այսօր էլ հարկ չէին համարել ներկայանալ դատարան։ Եղնուկյանի պաշտպանը սանկցիա պահանջեց: Դատավորը, սակայն, իրավապահների ներկայությունն էական չհամարեց։
Դատարանը մերժեց նաև իրավապահներից բացատրություն պահանջելու դիմումը, փաստարկելով, թե Եղնուկյանի գործով դատավարությունը վաղուց արդեն մեկնարկել է։ Դատական նիստին ներկա՝ Եղնուկյանի գաղափարակից ընկերն «ամոթ» վանկարկումներով հեռացան դատարանից: Նրանց համոզմամբ՝ Եղնուկյանը բոլոր չափորոշիչներով քաղբանտարկյալ է։
«Կարո Եղնուկյանը ոչ միայն քաղբանտարկյալ է, այլ նաև կարող է քաղբանտարկյալի դասական օրինակ ծառայել: Այսինքն՝ ավելի կեղտոտ դատական համակարգ ունենք, քան սովետի ժամանակ»,- ասաց խորհրդային շրջանի հայտնի այլախոհ և քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանը:
Մեղադրանքի հաստատման դեպքում Կարո Եղնուկյանին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում։