Մատչելիության հղումներ

Արթուր Սաքունցին սպանության սպառնալիք հղած «Ֆեյսբուքի» օգտատիրոջ ինքնությունը դեռևս չի պարզվել


Ինչպես «Ազատությանը» փոխանցեցից Քննչական կոմիտեից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով իրավապաշտպան Արթուր Սաքունցին սպանության սպառնալիք ուղղած օգտատիրոջ ինքնությունը դեռևս չի պարզվել:

Քրեական գործը հարուցվել է մեկ ամիս առաջ՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի հոդվածով:

Հիշեցնենք․ «Ֆեյսբուք»-ում իշխանության հասցեին Սաքունցի քննադատական գրառումից հետո Աշոտ Ավանեսյան անունով օգտատերը հունիսի սկզբին անձնական վիրավորանքներ էր ուղղել իրավապաշտպանին ու գրել․ - «Սաքունց, ես քեզ սպանելու եմ, ադրբեջանամետ դիվերսանտ... դու Ալիևի ագենտն ես, քո նման վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք, ամեն վայրկյան սպասիր ինձ, ես հետևից կրակողներից չեմ, կրակելու եմ դեմից, 2-3 մետրից՝ 9 մմ տրամաչափի փամփուշտով: Սպասիր ինձ, Սաքունց»:

Սպառնալից մեկնաբանության հեղինակ Աշոտ Ավանեսյան անուն-ազգանունով օգտատերը 5 օր անց դարձավ Նիկոլայ Զախարչենկո: Ավելի ուշ ո՛չ մեկնաբանությունը կար, ո՛չ էլ օգտատիրոջ էջը:

Գործը քննող Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի խոսքով, Սաքունցի հասցեին սպառնալիք հրապարակած անձի ինքնությունը պարզելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները:

Նախաքննության ընթացքում, ըստ Տռուզյանի, ընտրողների ռեգիստրի միջոցով պարզվել է, որ Աշոտ Ավանեսյան անուն-ազգանունով 25 մարդ կա հաշվառված: Նրանք բոլորը հրավիրվել են հարցաքնննության: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարվել է պարզել, թե Աշոտ Ավանեսյան տվյալներով օգտատերը ի՞նչ IP հասցեից է մուտք գործել սոցիայական ցանց և ի՞նչ համարին է գրանցված նրա անհատական էջը:

Արթուր Սաքունցը գործով տուժող ճանաչվել է, բայց գործի քննության ընթացքից գոհ չէ․ - «Ես չեմ կարող գոհ լինել, որովհետև որևիցե քայլեր, որոնց մասին ես կիմանայի կամ կտեղեկացնեին, չեմ իմացել: Ու չգիտեմ էլ՝ ընդհանրապես քննչական գործողություն կատարվո՞ւմ է, թե՞ չէ»:

Իրավապաշտպանի խոսքով, ինքը քրեական գործի ընթացքից գրեթե տեղեկություններ չունի: Նրան հեռախոսազանգով տեղեկացրել են, որ գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Չեն տեղեկացրել, թե ինչու:

«Իմ պատկերացմամբ, այն բացատրությունը, որ ես տվել էի, դրա հետ կապված մարդիկ հիմնականում Երևանում են գտնվում: Ես բացատրության մեջ նշել եմ ֆեյսբուքյան էջում մեկնաբանություններ տված կոնկրետ մարդկանց անուններ, որոնք կան: Այդ սպանության սպառնալիքը հղացող անձը, որը փաստորեն ինքնակամ ջնջվեց, նրա մեկնաբանությունը, կամ նրա էդ սպառնալիքները զուգահեռվեցին մեկ-երկու նաև այլ մեկնաբանություններով, որոնք տրամաբանությամբ, բովանդակությամբ ըստ էության ոչ թե սաստող նշանակություն ունեին, այլ ընդհակառակը, կարծես թե մեկ թիմի անդամներ լինեին»:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ գործը քննում է Լոռու մարզային քննչական վարչությունը, քանի որ Սաքունցը բնակվում է այդ մարզում:

Իրավապաշտպանի նկատմամբ սպանության սպառնալիքներն «անհապաղ» հետաքննելու կոչով Հայաստանի իշխանություններին դիմել էր Human Rights Watch միջազգային հեղինակավոր կազմակերպությունը:

Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ասոցիացված տնօրենը շեշտել էր․ - «Ոչ ոք չպետք է մահից վախենա կառավարությանը հրապարակավ քննադատելու համար»:

Սաքունցը, սակայն, թերահավատ է, որ գործը կբացահայտվի․ - «Բայց, այնուամենայնիվ, գնդակը գտնվում է քննչական մարմինների դաշտում: Այսինքն՝ պետության պոզիտիվ պարտավարությունն է՝ քննություն իրականացնելու և սպանության սպառնալիք հղացող անձին բացահայտելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG