Մատչելիության հղումներ

Արագածոտնի մարզպետ նշանակվեց Աշոտ Սիմոնյանը


Արագածոտնի նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյան
Արագածոտնի նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյան

Կառավարությունն այսօրվա նիստում Արագածոտնի մարզպետի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատեց դաշնակցական Գաբրիել Գյոզալյանին, ով մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր նախորդ տարվա մարտից: Նոր մարզպետ նշանակվեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար կրկին դաշնակցական Աշոտ Սիմոնյանը:

Նշանակման կապակցությամբ վարչապետի շնորհավորական խոսքը հակիրճ էր․ - «Պարոն Սիմոնյան, Ձեր գործառույթները գիտեք, մեր ակնկալիքները գիտեք: Տարածքային կառավարման ոլորտում այսօր մենք շատ բան ենք նախատեսել, որ պրինցիպիալ պետք է փոխենք: Նենց որ Ձեզ հաջողություն ենք ցանկանում»:

Մեկ ամիս առաջ, հիշեցնենք, Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին փոխարինեց մեկ այլ դաշնակցական՝ Տարածքային կառավարման փոխնախարար Արթուր Խաչատրյանը: Ի դեպ, նախորդ խորհրդարանական ընտրություններին Դաշնակցությունն ամենաշատ ձայները ստացել էր հենց Շիրակի մարզում:

Կրթության և գիտության դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստից հետո մեկնաբանելով իր կուսակից մարզպետների փոփոխությունները՝ ասաց, որ պատճառը նախորդ մարզպետների վատ աշխատանքը չէ․ - «Մարզպետները անցել են այլ աշխատանքի: Եթե ուշադրություն դարձնում եք, մեր կուսակցության համար շատ սկզբունքային նշանակություն չունի, որ անպայման պետք է տվյալ մարդուն այդ տեղը երկար պահենք կամ չպահենք: Ուրիշ խնդիր կար․ մեկ տարվա ընթացքում դրված էր [այդ պաշտոնները] արագ վերցնելու հարց, որովհետև մենք մտանք կոալիցիա, և փորձառու մարդիկ անհրաժեշտ էին՝ այդ անցումային խնդիրները կարգավորելու և այլնի համար: Հիմա, այսինքն, ավելի երիտասարդ կադր կա, և մյուս մարզպետներն էլ կարծեմ մնալու են էստեղ, աշխատեն, մեր կուսակցության անդամ են, իրենք էլ պարզաբանել են էդ խնդիրները»:

Մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ հաջորդ տարի, երբ ավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, Դաշնակցությունը հնարավոր է դուրս մնա իշխող կոալիցիայից՝ Կրթության և գիտության դաշնակցական նախարարն ասաց, թե 2018-ին քաղաքական նոր իրավիճակ է լինելու․ - «Քսան տարուց ավելի քաղաքականության մեջ եմ․ ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել դա՝ եթե դա որևէ հիմք չունի այսօր: Կգա 18 թիվը, կտեսնենք»:

Խորհրդարանական ընտրություններից հետո՝ երկու ամիս առաջ, իշխող Հանրապետականը Դաշնակցության հետ կնքեց համագործակցության հուշագիր, որի շրջանակներում Դաշնակցությունը ստացավ երեք նախարարական պորտֆելներ, ինչպես նաև Շիրակի և Արագածոտնի մարզպետներին նշանակելու հնարավորություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG