Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» գործով այսօրվա նիստը ևս անցավ լարված մթնոլորտում, մի խումբ փաստաբաններ լքեցին դահլիճը


«Սասնա ծռերի» գործով դատական նիստ, արխիվ
«Սասնա ծռերի» գործով դատական նիստ, արխիվ

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը անցած ամռանը 15 օր գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների գործով այսօրվա դատական նիստը ևս անցավ լարված մթնոլորտում։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մի քանի անգամ ընդմիջեց դատական նիստը՝ սանկցիաներ կիրառելով 6 փաստաբանների նկատմամբ։

Նրանցից 5-ի՝ Արայիկ Պապիկյանի, Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի, Դավիթ Գյուրջյանի և Գրիշա Բալասանյանի նկտմամբ սանկցիա կիրառվեց առանց դատարանի թույլտվության նիստերի դահլիճից հեռանալու համար, իսկ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ՝ նիստին չներկայանալու համար։ Շուշանյանն այսօր ևս չէր կարողացել մուտք գործել դատարան՝ հրաժարվելով բացել պայուսակը, իր պնդմամբ, խուզարկվելու պահանջի պատճառով:

Փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ դատավորը այսօր միանգամից երեք սանկցիա կիրառեց՝ երկուսը առանց իր թույլտվության ելույթ ունենալու համար, մեկն էլ՝ առանց իր թույլտվության հեռանալու համար։ Լուսինե Սահակյանը փորձում էր դատավորին միջնորդություն ներկայացնել՝ դատարան բերել իրենց պաշտպանյալներին։

Նիստի սկզբում դատին ներկա էր միայն 3 ամբաստանյալ՝ մյուսները դեռ նախորդ նիստից հեռացված են դատարանի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, մասնավորապես ոտքի չկանգնելու համար։ Փաստաբանների պահանջը դատավորն այդպես էլ չկատարեց և ողջ օրվա ընթացքում նիստն անցկացրեց կիսադատարկ դահլիճում՝ առանց հեռացված 15 ամբաստանյալների, փաստաբաններն էլ հեռանալով նիստերի դահլիճից՝ գրություն ուղարկեցին դատարան՝ նշելով, թե քանի դեռ իրենց պաշտպանյալները չկան, իրենք նիստերի չեն մասնակցի։

Դատական նիստերի դահլիճից 6 ժամով հեռացվեց նաև դատարանում գտնվող երեք ամբաստանյալներից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը։ Նա ևս պահանջում էր դատարան բերել ընկերներին։ Թամրազյանը ոտքի կանգնեց և դատավորին բացատրեց, թե ինչու մինչ հիմա ոտքի չի կանգնել, ասաց՝ դատարանին չի հարգում:

Այսօր մի քանի րոպեով դատարան բերվեց նիստերի դահլիճից հեռացված Սերգեյ Կյուրեղյանը։ Հայտարարվեց, որ նա բանտից դատարան բերվելուց հետո ավտոմեքենայից իջնելիս վնասվածք է ստացել։

Ի դեպ, թեև այսօր փաստաբանների մեծ մասը կարողացան հեշտությամբ մուտք գործել դատարան, Մուշեղ Շուշանյանը և Մոնիկա Մարգարյանը չհամաձայնեցին բացել պայուսակներն ու, իրենց խոսքով, խուզարկության ենթարկվել։ Մարգարյանին, ի վերջո, հաջողվեց ներս մտնել, Մուշեղ Շուշանյանին, սակայն, արգելվեց։ «Ազատության» հետ զրույցում Շուշանյանն ասաց, որ դատական կարգադրիչները կամակայականություն են ցուցաբերում՝ մեկին զննում են, մյուսին՝ խուզարկում։

Հաջորդ դատական նիստընշանակվեց հուլիսի 20-ին։

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործով ավելի քան 60 մարդ է անցնում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք-շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։ Մյուսները մեղադրվում են խմբին օժանդակելու մեջ:

Դատավարության փուլ է հասել նրանցից 32-ի գործը, որոնցից 30-ը մեղադրվում են ՊՊԾ գունդը գրավելու, իսկ 2-ը՝ զինված խմբին օժանդակելու մեջ: ՊՊԾ գնդի գրավման փաստով քրեական գործից 14 և 18 մեղադրյալների մասերով անջատված գործերով երկու առանձին դատավարություն է ընթանում, թեև դատավորը նույնն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG