Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միջամտել է, որպեսզի թույլատրվի աֆղանստանցի աղջիկների խմբի մուտքը երկիր՝ ռոբոտաշինության մրցումներին մասնակցելու նպատակով: Այդ մասին երեկ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սառա Հաքաբին:
Աֆղանստանի Հերաթ գավառից վեց ուսանողուհիները դիմել էին՝ մասնակցելու հուլիսի 16-ին մեկնարկող մրցումներին, սակայն Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը երկու անգամ մերժել էր մուտքի վիզայի համար նրանց դիմումը, ինչը դժգոհություն էր հարուցել հանրության շրջանում: Տեղեկանալով խնդրին՝ Թրամփը միջամտել է, և աղջիկներին 10 օրով ԱՄՆ այցելության թույլտվություն է տրվել: