Մատչելիության հղումներ

Արեգ Կյուրեղյանը պատժախուց է տեղափոխվել


«Սասնա ծռեր»-ը ՊՊԾ գնդի տարածքում, արխիվ
«Սասնա ծռեր»-ը ՊՊԾ գնդի տարածքում, արխիվ

«Սասնա ծռեր»-ի գործով անցնող Արեգ Կյուրեղյանին պատժախուց են տեղափոխել։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը։

Փաստաբանի պնդմամբ, Կյուրեղյանին պատժախուց են տարել՝ նրա մոտից արգելված իր գտնելու համար։

Քրեակատարողական վարչությունից (ՔԿՎ) «Ազատության» հետ զրույցում հաստատեցին, որ Կյուրեղյանը պատժախուց է տեղափոխվել 10 օրով՝ նրա մոտ արգելված իր գտնելու պատճառով։

Նշենք՝ Քրեակատարողական վարչությունը երեկ հայտարարեց, որ դատարան բերվելուց առաջ Արեգ Կյուրեղյանը զննության է ենթարկվել, և նրա մոտից մաստակի մեջ թաքցված մեկանգամյա օգտագործման սափրիչից առանձնացված ածելու սայր է հայտնաբերվել, ինչն արգելված իր է:

ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ հայտնաբերվածն առգրավվել է. նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

«Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG