Մատչելիության հղումներ

ՀՔԱՎ գրասենյակը պետությունից հետ է պահանջում իր աշխատակիցներից գանձված 1000-ական դրամները


Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ղեկավարած՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը պետությունից պահանջում է վերադարձնել հունվարի 1-ից մինչ այսօր Զինծառայողների ապահովագրության համար իր աշխատակիցներից ամեն ամիս գանձված 1000-ական դրամները։

Դեռ տարեսկզբին ներկայացված հայցը Կենտրոնի դատարանը միայն այսօր սկսեց քննել: Նիստին տեսանկարահանման թույլտվություն չտրվեց, պատասխանող կողմը՝ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն առարկեց, ասելով, թե տեսանյութերը հայտնվում են ադրբեջանական լրատվամիջոցներում։ Նիստից հետո, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անի Չատինյանը ներկայացրեց հայցի հիմքերը։

«Գտնում ենք, որ պետությունն անհիմն հարստանում է մեր աշխատակիցների հաշվին: Մենք այդ գումարներն ենք հետ պահանջում Հայաստանի Հանրապետությունից: Հայցի բավարարման դեպքում դա նախադեպ կդառնա, բոլորը հնարավորություն կունենան դիմելու դատարան»,- ասաց Չատինյանը:

Ավելի քան կես տարի ուժի մեջ մտած՝ Զինծառայողների ապահովագրության, կամ ինչպես ավելի հաճախ ասվում է՝ 1000 դրամների մասին օրենքի համաձայն, ամեն ամիս յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից 1000 դրամ է փոխանցվում հատուկ հիմնադրամի հաշվին։ Իրավապաշտպան կազմակերպության պնդմամբ, այդ օրենքը հակասահմանադրական է․ «Մեր ընկալմամբ, սա ոչ վճար է, ոչ տուրք, ոչ էլ օրենքով սահմանված այլ բան»:

Կազմակերպությունն այս հարցով Սահմանադրական դատարան դիմել չի կարող, իրավասու չէ: Փաստաբան Չատինյանն այսօր Կենտրոնի դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ օրենքի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանում վիճարկելու մասին։ Միջնորդությունը գրավոր ներկայացնելու համար փաստաբան Չատինյանը կարճ ժամանակով ընդմիջում խնդրեց: Դատավորը, սակայն, նիստը հետաձգեց մինչև հոկտեմբերի վերջը։ Անի Չատինյանի գնահատմամբ՝ դատարանն «ամեն կերպ փորձում է հարցը քողարկել»:

1000 դրամների մասին օրենքի գործնական կիրառման համար ստեղծված հատուկ հիմնադրամում տարեսկզբից մինչ այս պահն արդեն մուտքագրվել է մոտ 5 միլիոն դոլար, որի ընդամենը 3 տոկոսն է նվիրատվություն, այսինքն՝ չի գոյացել քաղաքացիների աշխատավարձից։ Մուտքագրված գումարից առաջին կիսամյակում Հիմնադրամը մարտական պայմաններում զոհված կամ վիրավորում ստացած թվով 16 զինծառայողների ու նրանց ընտանիքներին արդեն հատկացրել է 338 հազար դոլար։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով նաև 1000 դրամների աղմկահարույց օրենքի նախագծի հեղինակն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG