Կառավարությունն առաջիկա հինգ տարիների ծրագրով պետական գնումների ոլորտում նախատեսում է միայն էլեկտրոնային համակարգերի ներդրում, մինչդեռ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» (ԹԻՀԿ) ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանի կարծիքով, դա բավարար չէ կոռուպցիան ու շահերի բախման դեպքերը կանխելու համար:
«Կոռուպցիոն ռիսկերը էլեկտրոնային ճանապարհով ոչ մի տեղ չեն լուծվել, չեն լուծվի նաև Հայաստանում: Դու կարող ես ունենալ փայլուն էլեկտրոնային գնումներ, բայց եթե նախարարի կամ փոխնախարարի ընկերությունն է, իրական սեփականատերը նախարարն է կամ փոխնախարարն է, էլեկտրոնային գնումներով այդ հարցը չի լուծվի», - ասաց Հոկտանյանը:
Գնումների ոլորտը համակարգող Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը մեկ ամիս առաջ «Ազատության» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ապրիլից ուժի մեջ մտած «Գնումների մասին» նոր օրենքը հնարավորինս բացառում է «պրիմիտիվ գողությունները»:
Պետական գնումների ոլորտում նման դրսևորումների մասին պաշտոնը ստանձնելուց օրեր անց խոսել էր վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն այդ հայտարարությունն այդպես էլ անհետևանք մնաց:
Արդեն 9 տարի պետական գնումների ոլորտը դիտարկող հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչը կարծում է, որ «Գնումների մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո էական փոփոխություններ ակնկալելը դեռ վաղ է․ - «Այսպիսի ընդհանուր կոռուպցիոն ֆոնի վրա սպասել, որ գնումների համակարգը կլինի այսպես ասած մաքուր, դժվար է իհարկե, և այդպիսի սպասելիքներ չկան: Այս մի քանի ամիսը չէր բերի ռադիկալ փոփոխությունների: Տվյալները, որ մենք նայում ենք, իսկապես չեն ցույց տալիս լուրջ տեղաշարժ»:
Ամփոփելով այս տարվա առաջին վեց ամիսներին պետական գնումների արդյունքները՝ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչները նշեցին, որ նվազել են մեկ անձից, այսինքն՝ առանց բաց մրցույթի իրականացվող գնումները:
Կազմակերպության տվյալներով, օրինակ 2015-ին առանց բաց մրցույթի էր իրականացվել պետական գնումների 70 տոկոսը:
Այդուհանդերձ, ԹԻՀԿ-ի գնումների փորձագետ Արսեն Համբարձումյանի պնդմամբ՝ ապրիլից ուժի մեջ մտած նոր օրենքով նույնպես լուծված չէ պետական պաշտոնյաների պատասխանատվության հարցը․ - «Մենք չունենք պատասխանատվություն: Այսինքն, երբ որ խախտվում են այսպես ասած խաղի կանոնները պատվիրատուի կողմից, նրանք պատասխանատվության չեն ենթարկվում: Երբ որ բացահայտվում է ինչ-որ դեպք, ասում են՝ լավ, կներեք, էլ չի կրկնվի»:
Գնումների ոլորտում իրականացված փոփոխությունների համաձայն, նախատեսվում է նաև, որ մրցույթներին մասնակցող կազմակերպությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատարերին, մինչդեռ, Վարուժան Հոկտանյանի, այդ դրույթը իրականում չի կատարվում․ - «Իրական սեփականատեր անվան տակ նորից շարունակում են դնել ֆորմալ սեփականատերերին»:
Ֆինանսների նախարարության փոխանցմամբ, այս տարի պետական գաղտնիք չպարունակող, մրցակցային պայմաններով պետական գնումների վրա նախատեսվում է ծախսել 87 միլիարդ դրամ: