Մատչելիության հղումներ

Հայաստանը կանդամակցի «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին


«Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնի շրջանակներում այսօր բացվեց «Ստեղծարար Եվրոպա» ֆորումը, որին ներկա էր նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանն ասաց, որ «Ստեղծարար Եվրոպան» խոշոր ծրագիր է, որը 2014-2020 թվականների համար նախատեսում է մոտ 1,5 միլիարդ եվրոյի ֆինասավորում արվեստի ու մշակույթի ամենատարբեր ոլորտներում:

Սվիտալսկին վստահ է, որ Հայաստանի մասնակցությունն այս ծրագրին է՛լ ավելի կամրապնդի Հայաստան - Եվրամիություն կապերը․ - «Հայաստանի ներդրումը դարեր շարունակ Եվրոպական մշակութային ինքնության, ինքնաճանաչման և ճանաչման գործին եղել է միշտ շատ արժեքավոր: Եվ մենք համոզված ենք, որ Հայաստանի մասնակցության շնորհիվ մենք է՛լ ավելի կհարստացնենք եվրոպական մշակույթը՝ շնորհիվ հայ նկարիչների, արվեստագետների, ստեղծագործողների, գրողների»:

Հայաստանը կանդամակցի «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին արդեն հաջորդ տարվանից, բայց մինչ այդ ահա «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում առաջին անգամ մեր արվեստագետները, մասնավորապես, կինոգործիչները հնարավորություն ունեն երկօրյա ֆորումի ընթացքում ներկայացնել իրենց նախագծերը:

Մինչև ֆորումի պաշտոնական բացումը հրավիրված ճեպազրույցին լրագրողներից մեկը հարց ուղղեց դեսպան Սվիտալսկուն՝ ինչպե՞ս է նա գնահատում այն փաստը, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում սեռական փոքրամասնությունների խնդիրներին անդրադարձող ֆիլմեր են հանվում փառատոնի ծրագրից: Եվրամիության դեսպանը պատասխանեց․ - «Եկեք խոսենք «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մասին: «Ոսկե ծիրանը», իմ կարծիքով, շատ կարևոր մշակութային իրադարձություն է Հայաստանի համար»:

Դեսպան Սվիտալսկին շեշտեց նաև, որ մասնակցել է փառատոնի բացմանը, բայց առայժմ ամբողջապես տեղեկացված չէ ողջ գործընթացից: Նա ընդգծեց, որ «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը նախևառաջ նպատակ ունի նպաստել, աջակցել արվեստագետների ազատ խոսքին և ազատ մտածողությանը․ - «Ազատ ստեղծագործելն ու ազատ մտածողությունը մի ամբողջ փիլիսոփայություն է: Ինքագրաքննությունը սպանում է արվեստը: Անդամակցելով «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին՝ Հայաստանը պիտի հետևի ազատ արտահայտման հիմնարար սկզբունքներին»:

Նոււյն խնդրի առնչությամբ «Ոսկե ծիրանի» նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց․ - «Ինչ վերաբերում է այդ չարչրկված թեմային, «Ոսկե ծիրանը» վախենալու ոչինչ չունի: Հատկապես, որ ո՛չ Մշակույթի նախարարությունից, ո՛չ էլ ղեկավարությունից երկրի չունենք մեն հրամաններ, որ կատարենք կամ հանենք ինչ-որ մի ֆիլմ: Հենց ֆիլմերը չհանելու պատճառով դուրս եկավ այդ ծրագիրը: Այսինքն, փոխանակ հարգել և գնահատել «Ոսկե ծիրանի» ամրությունը և սկզբունքայնությունը, որ չհանեց այդ երկու ֆիլմերը խառնամբոխ ինչ-որ անհասկանալի ընկերությունների և հասարկական շարժումների դեմ, և դրա պատճառով հանվեց ամբողջ ծրագիրը: Մենք ինքներս ենք ափսոսում դա, բայց լավ կլինի, որ դուք բոլորդ իմանաք իրականությունը»:

«Ստեղծարար Եվրոպա» ֆորումի պաշտոնական բացմանը ներկա էր նաև Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը: Իր խոսքում փոխնախարարն ասաց․ - «Այս որոշումը՝ միանալու, իրականում պայմանավորված է ոչ միայն մեր երկրի մշակութային քաղաքականությամբ, այլև արդեն իսկ հասարակական դաշտի կողմից բարձրացված պահանջարկով: Ծրագիրը նոր հնարավորություններ է տալու արդեն իսկ գործող միջազգային նախագծերին, և բնականաբար, նորերը ստեղծելու առիթ կդառնա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG