Մատչելիության հղումներ

Ալիևի նախկին փեսան ու խնամին՝ Թրամփ կրտսերի շուրջ աղմկահարույց պատմությունում


Դոլանդ Թրամփը և Արազ Աղալարովը Մոսկվայում հետևում են «Միսս Տիեզերք 2013» մրցույթի եզրափակիչին, 10-ը նոյեմբերի, 2013թ․
Դոլանդ Թրամփը և Արազ Աղալարովը Մոսկվայում հետևում են «Միսս Տիեզերք 2013» մրցույթի եզրափակիչին, 10-ը նոյեմբերի, 2013թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան և խնամին մեկ տարի առաջ` 2016-ի ամռանը, Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի և ռուսական իշխանությունների միջև միջնորդի դեր էին ստանձնել` փորձելով հանրապետական թեկնածուին օգնել հաջողության հասնել ԱՄՆ նախագահական ընտրարշավում: Դա է վկայում Միացյալ Նահանգների նախագահի որդու` Դոնալդ Թրամփ կրտսերի կողմից երեկ հրապարակված էլեկտրոնային նամակների բովանդակությունը:

Թրամփի որդու և շոու բիզնեսի ոլորտում հայտնի Ռոբ Գոլդսթոունի նամակագրությունից պարզ է դառնում, որ 2016-ի ամռանը վերջինիս է դիմել Իլհամ Ալիևի դստեր` Լեյլայի նախկին ամուսին Էմին Աղալարովը և տեղեկացրել, որ հայրը` մոսկվացի միլիարդատեր, Crocus Group ընկերության հիմնադիր Արազ Աղալարովը, Թրամփի նախընտրական շտաբին կարող է Հիլարի Քլինթոնին վարկաբեկող փաստեր տրամադրել: Գոլդսթոունի պնդմամբ՝ Իլհամ Ալիևի նախկին խնամին Քլինթոնին վարկաբեկող այդ փաստերը ստացել է Ռուսաստանի գլխավոր դատախազի հետ հանդիպման ընթացքում: Նամակագրությունից նաև պարզ է դառնում, որ Թրամփի որդին ոչ միայն չի մերժել ռուսական կողմի առաջարկը, այլև պատրաստակամություն է հայտնել անձամբ զանգահարել Էմին Աղալարովին: 2016 թվականի հունիսի 7-ին ուղարկված նամակում էլ Դոնալդ Թրամփ կրտսերը արդեն իսկ պայմանավորվում է Ռուսաստանի կառավարության շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ հանդիպում կազմակերպելու մասին:

Երեկ, սակայն, Դոնալդ Թրամփ կրտսերը Fox News-ի եթերում պնդում էր, որ Վեսելնիցկայայի հետ հանդիպումը իր բնույթով իմաստազուրկ էր: «Դա այն աստիճանի դատարկ հանդիպում էր, որ ես դրա մասին վերհիշեցի միայն երբ [լրատվամիջոցները] սկսեցին հետաքրքրվել այդ ամենով: Իրականում այդ հանդիպումը պարզապես 20 րոպե տևողությամբ ժամանակի կորուստ էր», - նշում էր Դոնալդ Թրամփի որդին` պնդելով նաև, թե հորը այդ հանդիպման մասին չի պատմել:

Այն, որ հանդիպումն անարդյունք էր, ամերիկյան NBC հեռուստաընկերության եթերում երեքշաբթի երեկոյան հայտարարեց նաև ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայան: Նրա խոսքով, հանդիպման ընթացքում Դոնալդ Թրամփի որդին իրեն միայն մեկ հարց է ուղղել` տիրապետո՞ւմ է արդյոք ֆինանսական փաստաթղթերի, որոնք կարող են վկայել Դեմոկրատական կուսակցության ղեկավար մարմնի` Ազգային դեմոկրատական կոմիտեի անօրինական ֆինանսավորման մասին: Վեսելնիցկայայի խոսքով՝ ինքը նման ֆինանսական փաստաթղթեր չի ունեցել: Դրա հետ մեկտեղ, Վեսելնիցկայան նշել է, որ այդ հանդիպմանը ներկա էր Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի գրեթե ողջ ղեկավարությունը:

«Ես տեղյակ չէի, թե ով է լինելու այդ հանդիպմանը: Ես գիտեի միայն, որ Դոնալդ Թրամփ կրտսերը համաձայնել է հանդիպել: Բացի այդ, վերհիշելով մամուլում զետեղված լուսանկարները, ենթադրում եմ, որ հանդիպմանը ներկա մյուս երիտասարդը Թրամփի փեսան էր` Ջարեդ Քուշները: Նա հանդիպման մեկնարկից 7-10 րոպե անց հեռացավ սենյակից և այլևս չվերադարձավ: Բացի այդ, սենյակում էր գտնվում Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտը: Հանդիպման ողջ ընթացքում նա անընդհատ իր հեռախոսում ինչ-որ բան էր կարդում, և ես գործնականում չէի հասկանում, թե ինչու է նա ընդհանրապես եկել այդ հանդիպմանը», - նշում էր Վեսելնիցկայան NBC-ին տված հարցազրույցում:

Թրամփի նախընտրական շտաբի շուրջ ծագած հերթական այս սկանդալի մեկ այլ հնարավոր դերակատարը` ադրբեջանցի միլիարդատեր Արազ Աղալարովը ևս կտրականապես հերքում է, թե որևէ առնչություն ունի Քլինթոնին վարկաբեկող տեղեկությունների փոխանցման փորձին:

«Ես կարծում եմ, որ սրանք մտացածին պատմություններ են: Ես չգիտեմ ով է այս ամենը հորինում: Ընդհանրապես, ի՞նչ կապ ունի Հիլարի Քլինթոնը», - մոսկովյան Business FM ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Աղալարովը՝ չհերքելով, սակայն, որ իր և Դոնալդ Թրամփի որդիները ծանոթ են: «Էմինը շփվել է նրա հետ: Մենք «Միսս Տիեզերք» մրցույթն էինք կազմակերպել, հենց այդ ժամանակ էլ շփումներ են եղել: Նրանք մոտավորապես նույն տարիքի են, թե ինչի շուրջ են շփվել՝ ես ասել չեմ կարող», - նշում էր ադրբեջանցի միլիարդատերը:

Առաջիկա շաբաթներին Դոնալդ Թրամփի որդին Ռուսաստանի իշխանություններին մոտ կանգնած անձանց հետ շփումների վերաբերյալ ստիպված կլինի պաշտոնական բացատրություններով հանդես գալ: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարեց ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին վկայող տեղեկություններ ուսումնասիրող կոնգրեսական հանձնաժողովի ղեկավար դեմոկրատ Ադամ Շիֆը:

«Մենք, իհարկե, ցանկանում ենք, որպեսզի Դոնալդ Թրամփ կրտսերը, ինչպես նաև այս հանդիպման հետ առնչություններ ունեցող մյուս անձինք ևս, ցուցմունքներով հանդես գան մեր հանձնաժողովում: Մենք նաև ցանկանում ենք, որ նրանք հանձնաժողովին ներկայացնեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր փաստաթղթերը», - հայտարարում էր Շիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG