Բրյուսելն ու Մոսկվան մտադիր են ակտիվացնել երկկողմ շփումները: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Բրյուսելում տեղի ունեցած բանակցություններից հետո:
Մոգերինիի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են բոլոր մակարդակներում ակտիվացնել մտքերի փոխանակումը արտաքին քաղաքական կարևոր թեմաներով: ԵՄ բարձր ներկայացուցիչը մատնանշել է Սիրիայի թեման, Հյուսիսային Կորեայի հարցը, իրավիճակը Լիբիայում և Մերձավոր Արևելքում:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է երկխոսության կարևորությունը՝ չնայած որոշ հարցերի շուրջ առկա տարաձայնություններին:
Լավրովը հայտարարել է, թե իր տպավորությամբ՝ իրավիճակը հետզհետե բարելավվում է: Եվրամիությունն ու Ռուսաստանը շարունակում են հարևաններ մնալ, և բոլոր խնդիրները պետք է լուծվեն համատեղ ջանքերով, շեշտել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք՝ Եվրամիությունը 2014 թվականից պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որոնք վերջերս երկարաձգվեցին ևս կես տարով: