Երեքշաբթի օրը Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպմանը շարունակվել են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները:
Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:
Եռանախագահներն արտգործնախարարներին խնդրել են նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարվա ընթացքում գագաթնաժողովի կազմակերպման վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումը անցկացնել ս.թ. սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել շփման գծում խախտումների քննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին: Այդ համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը քանիցս շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հայկական կողմը մշտապես պատրաստակամություն է հայտնում դրանք կատարել: Ադրբեջանը, մինչդեռ, խոչընդոտում է նման մեխանիզմների ներդրումը:
Տե՛ս նաև այստեղ