Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն ավարտել է Անդրիաս Ղուկասյանի գործի նախաքննությունը


Անդրիաս Ղուկասյանը (կ) և ընդդիմադիր գործիչները գլխավորում են 2016 թվականի հուլիլի 29-ի երթը:
Անդրիաս Ղուկասյանը (կ) և ընդդիմադիր գործիչները գլխավորում են 2016 թվականի հուլիլի 29-ի երթը:

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հիմնավորված համարելով Անդրիաս Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը՝ ավարտել է գործի նախաքննությունը ու ուղարկել դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Այսպիսով, ըստ մեղադրանքի, Անդրիաս Ղուկասյանը մտադիր է եղել կազմակերպել զանգվածային անկարգություններ, որոնց նպատակն էր խոչընդոտել իրավապահներին, խափանել «Սասնա ծռերի»-ի գրաված գունդն ու պատանդներին ազատելը:

Ավելին, ըստ ՀՔԾ-ի, ընդդիմադիր գործիչը ծրագրել է ճեղքել ոստիկանների շարքերը, միանալ զինված խմբին և «Սասնա ծռեր»-ի հետ, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով՝ շարունակել պահել զավթած գունդն ու պատանդներին:

Հուլիսի 29-ին մինչև Սարի թաղ բարձրանալը, ըստ մեղադրանքի, Անդրիաս Ղուկասյանը Ազատության հրապարակում հավաքված մարդկանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել, իսկ արդեն Սարի թաղում հրահանգել է դրանք նետել ոստիկանների վրա:

Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը զավեշտալի որակեց իրավապահների այս պնդումները․ - «Դա նախկինում դատված մի անձի ցուցմունք էր, որի համաձայն, Անդրիաս Ղուկասյանը, երբ որ տղաների՝ Արմեն Մարտիրոսյանի, Եղիշե Պետրոսյանի, Լևոն Բարսեղյանի, Դավիթ Սանասարյանի հետ իջնում են ժողովրդի մեջով անցնելով, որ երթը սկսեն Ազատության հրապարակից, իբր նրանցից առանձնանում է, գնում է մի 10-15 հոգու նման բան ասում և էլի գալիս շարունակում: Ի՞նչ է հագած եղել Անդրիաս Ղուկասյանը, որտե՞ղ է կանգնած եղել, այդ անձի հետ ովքե՞ր են կանգնած եղել․ ոչինչ չի հիշում այդ այսպես ասած վկան, որը, ի դեպ, ոստիկանության կողմից է ներկայացվել»:

Հենց նույն վկան՝ Գեղամ Սահակյանն է իրավապահներին պատմել, որ Անդրիաս Ղուկասյանը Սարի թաղում մտադիր է եղել միանալ «Սասնա ծռեր»-ին:

Փոխարենը, փաստաբանի փոխանցմամբ, քննչական մարմինը մերժել է Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունները՝ ուսումնասիրել բազմաթիվ տեսանյութեր, հարցաքննել այլ վկաների, քաղաքական գործիչների, ովքեր հակառակի մասին են պնդում, որ Անդրիաս Ղուկասյանը խմբից անգամ մեկ րոպեով չի առանձնացել, քար հավաքելու որևէ կոչ չի արել․ - «Հրաժարվել են որպես ապացույց դիտել և գործը ուղարկում են դատարան: Մեղադրական եզրակացություն են հաստատում: Միանշանակ ուղղակի պատվերով քաղաքական հետապնդում չասեմ, ուղղակի բռնաճնշում է իրականացվում Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ»:

Ըստ մեղադրանքի, Ղուկասյանի՝ քարեր նետելու հրահանգի հետևանքով մի շարք ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ, նաև գույքն է շարքից դուրս եկել:

«Ռետինե մահակի ծայրից մոտ 8 սանտիմետր պոկված է և մեջը երկաթե հատված կա: Էդ երկաթե հատվածն է երևում․․․ Եվ բոլորը այդպես: Դրանք տասը տարվա ընթացքում կարող էին մաշվել, էդ վիճակի մեջ հայտնվել: Նենց պինդ են, որ դանակով չես կարող այդ ռետինը կտրել․․․ Միջնորդում ենք, ասում ենք՝ մի հատ էդ փորձագետին հարց տվեք, օրինակ, քարով խփելով, մարդուն խփելով, կծելով, չգիտեմ ինչով հնարավո՞ր է նման վնաս պատճառվի, ասենք, մի քանի րոպեյվա ընթացքում, կես ժամում: Մեզ մերժում են»:

Այս գործով անցնող, բայց ազատության մեջ գտնվող այլ քաղաքական գործիչների՝ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և մյուսների մասով նախաքննությունը շարունակվում է: Ինչո՞ւ հենց Անդրիաս Ղուկասյանն է իշխանությունների թիրախում: Փաստաբանը կասկածում է, որ պատճառը անցած տարի ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիան էր, երբ պահանջում էր քննել, թե ով է սկսել ապրիլյան պատերազմը, դիմումին նաև դիրքերում նկարված կադրեր էր կցել․ - «Այդպիսի մարդիկ պետք չեն էսօրվա դաշտում ընդհանրապես․ հավանաբար իշխանությունները այդպես են մտածում: Համենայն դեպս, այն, ինչ որ իրականացվում է էսօր Անդրիաս Ղուկասյանի հետ, ակնհայտորեն որևէ աղերս չունի նախաքննության հետ, որևէ աղերս չունի պաշտպանական իրավունքի ապահովման հետ․․․ Կացնով կտրում են»:

Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը պնդում է, որ ամուսինը զրկված է պաշտպանության իրավունքից, և միայն դա վկայում է, որ քաղբանտարկյալ է: Չնայած ընկերների օրինակին, Անդրիաս Ղուկասյանը, ամենայն հավանականությամբ, դատարանում ոտքի կկանգնի, որպեսզի նիստերը չտապալվեն․ - «Անդրիասը Սահմանադրությամբ շարժվող անձնավորություն է՝ սկզբից մինչև վերջ, և դա իր համար հիմնարար սկզբունք է: Դրա համար մարդուն այնքան երկար քաղաքական հալածանքի տակ դնելը, ես գտնում եմ, անբարոյական է»:

Հրապարակային դատավարության դեպքում, փաստաբանի խոսքով, այս գործը փլվելու է: Կարեն Մեժլումյանը բողոք է գրել Գլխավոր դատախազին, որ չհաստատի մեղադրականն ու գործը նոր քննության ուղարկի: Բայց լավատես չէ, որ իշխանությունները քաղաքական հաշեվահարդարը մինչև վերջ չեն տանի․ - «Վերջերս ելույթներ էր, չէ՞, ունենում [Գլխավոր դատախազը] Ազգային ժողովում, ընդհանրապես, որ պետք է օբյեկտիվ քննություն վարվի և այլն: Հիմա էս հարցին ի՞նչ պատասխան է տալու: Այդ դատված, ալկոհոլիզմի համար հոգեբուժական հիվանդանոցում հաշվառված անձի ցուցմունքը այլևս անկասկածելի ապացույցի ուժ չի կարող ունենալ»:

Անդրիաս Ղուկասյանին ավելի քան տասը տարվա ազատազրկում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG