Հակադարձելով Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրությանը, Հայաստանի արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը շեշտում է՝ միջազգային կառույցը չէ, որ պետք է որոշի անձի մեղավորությունը, դեպքի առկայությունը և պատասխանատվության եղանակը։
2016 թ․ Երևանում Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 4 անդամների նկատմամբ, վերջիններիս փաստաբանների պնդմամբ, երկու շաբաթ առաջ դատարանի նկուղում ոստիկանները բռնություններ էին գործադրել: Նախօերին Human Rights Watch-ը Հայաստանի իշխանություններին կոչ է արել «շտապ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն» իրականացնել դեպքի առնչությամբ և «պատժել մեղավորներին»։
«Շնորհակալ ենք մեր միջազգային բոլոր գործընկերներից, որ խնդիրները բարձրաձայնում են, նաև լավագույն լուծումներ են առաջարկում: Բայց միջազգային կառույցը չէ, որ պետք է որոշի անձի մեղավորությունը, դեպքի առկայությունը, ի վերջո՝ պատասխանատվության եղանակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փոխնախարարը:
Նյու Յորքում տեղակայված հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նաև շեշտել է՝ «քանի դեռ քննություն է իրականացվում, քննության ենթակա որևէ պաշտոնյա չպետք է քրեական գործին և մեղադրյալներին առնչվող որևէ ծառայություն իրականացնի»: Մինչդեռ, զինված խմբի անդամների փաստաբանների պնդմամբ, անգամ քրգործի հարուցումից հետո ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանը շարունակում է ծառայությունը, անցած հինգշաբթի նա ամբաստանյալներին կրկին ուղեկցել է դատարան:
Քրմոյանը հիշեցնում է անմեղության կանխավարկածի մասին․ «Հատուկ, բազմաթիվ անգամ իրավապահ մարմիները նշել են, որ համապատասխան քրեական գործ է հարուցվել, համապատասխան քննություն է ընթանում: Նաև չմոռանանք անմեղության կանխավարկածի մասին: Մենք չենք կարող ասել՝ գիտեք ինչ կա՝ այս անձին արդեն մեղավոր ենք ճանաչում և նա չպետք է աշխատանք կատարի»:
Human Rights Watch-ն իր պաշտոնական էջում հրապարակած հայտարարությունում նշում է, որ չորս մեղադրյալների դեմքերին, գլխին, որովայնին, մեջքին և ոտքերի վրա հարվածների հետքեր և վերքեր են հայտնաբերվել, որոնք ենթադրաբար հունիսի 28-ին դատարանի շենքում տեղի ունեցած միջադեպի հետևանք են: «Ազատության» հարցին՝ արդյո՞ք միջամտություն եք որակում Human Rights Watch-ի հայտարարությունը, Քրմոյանը պատասխանեց՝ ամեն դեպքում հաշվի են առնում նրանց կարծիքը:
Հիշեցնենք՝ հունիսի 28-ի դատական նիստի ժամանակ ոստիկաններից մեկն արգելել էր մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանին գրություն փոխանցել փաստաբաններից մեկին: Դրան հետևել էր վիճաբանություն մեղադրյալների և ոստիկանների միջև: Ոստիկանները դատարանի դահլիճից հեռացրել էին Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Սմբատ Բարսեղյանին: Ավելի ուշ Կյուրեղյանի, Ավետիսյանի, ինչպես նաև երկու այլ մեղադրյալների՝ Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպանները հայտարարել էին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նրանց: Ոստիկանությունը մինչդեռ պնդում է, թե «համաչափ ուժ է կիրառել»։