Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից անջատվել է ևս մեկ քրեական գործ` Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ:
Ըստ ծառայության, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գագիկ Եղիազարյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը և մյուսները ստեղծել են կազմակերպված, կայուն խումբ: Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող նռնակներ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս:
«2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՊՊԾ գնդի վարչական շենքերի վրա՝ ծանրացուցիչ հանգամանքներում զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության և «Շտապօգնության» աշխատակիցների», - նշում է ՀՔԾ-ն՝ շարունակելով. - «Միաժամանակ Անդրիաս Ղուկասյանը մտադրվել է Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով խոչընդոտել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը, վերջիններիս շարքերը ճեղքելու միջոցով միանալ կազմակերպված զինված խմբին և դրա անդամների հետ համակատարմամբ, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ շարունակել պահել զավթածն ու պատանդներին»:
«Իր հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով` Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին հանդիպել է իր ծանոթ, Սարի թաղի բնակիչ Գ. Ս.-ի հետ, վերջինիս խնդրել գնալ և ուսումնասիրել ՊՊԾ գնդի հարակից տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի տեղակայումը՝ հայտնելով մարդկանց բազմության միջոցով ոստիկանական շղթան ճեղքելու և կազմակերպված խմբին միանալու իր դիտավորության մասին:
Գ. Ս.-ից նշված տեղեկատվությունը ստանալուց հետո նույն օրը` Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում, Անդրիաս Ղուկասյանը և մյուսները հանդես են եկել ելույթներով, որոնց ժամանակ մարդկանց կոչ են արել դուրս գալ փողոց և սատարել ՊՊԾ գունդը զավթած անձանց: Ելույթների ավարտից հետո, մինչ մարդկանց բազմությանն ապօրինի երթով Սարի թաղ առաջնորդելը, Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված անձանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար:
Այնուհետև, Անդրիաս Ղուկասյանը և մյուսները հաստատապես տեղյակ լինելով ՊՊԾ գնդին հարակից տարածքներում երթևեկության և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակված լինելու և իրականացվող հատուկ միջոցառումների մասին, անմիջականորեն ստանձնել են ապօրինի երթի ղեկավարումը: Զանգվածային միջոցառման մասնակիցների հետ հասնելով Նար-Դոս փողոց՝ նրանք հանկարծակի երթի ուղղությունը շեղել են դեպի Սարի թաղ: Մարդկանց բազմությունն Անդրիաս Ղուկասյանի և մյուսների ղեկավարմամբ բռնություն գործադրելով՝ քաշքշելով, հրելով ու հարվածելով, ճեղքել է Սարի թաղ տանող ճանապարհն արգելափակած՝ ոստիկանության փոքրաթիվ ծառայողներից կազմված շղթան, շարժվել առաջ և ժամը 21:30-ի սահմաններում տեղակայվել Սարի թաղի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի բարձրադիր հատվածում՝ Գլինկայի փողոցում: Այդտեղ հավաքվածները բարձրագոչ վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնել ՊՊԾ գունդը զավթած անձանց, հնչել են նաև գունդ հասնելու, փողոցը փակելու և այլ կոչեր: Այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքը զավթած և պահած կազմակերպված խմբի անդամները կատարել են զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված գործողություններ՝ հրազենային կրակոցներ են արձակել Սարի թաղի ուղղությամբ՝ միաժամանակ նպատակ ունենալով ոգևորել Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցող անձանց: Արձակված կրակոցներն իրական վտանգ են ստեղծել զանգվածային միջոցառման մասնակիցների կյանքի և առողջության համար:
ԱնդրիասՂուկասյանը հրահանգել է քարեր նետել ոստիկանության ծառայողների վրա: Զանգվածային անկարգության մասնակիցները տարբեր չափերի քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա, ինչի հետևանքով ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել է ոստիկանության ծառայողների, ինչպես նաև քաղաքացու գույքը:
Զանգվածային անկարգությունների կազմակերպման և կատարման արդյունքում վտանգվել է հասարակական անվտանգությունը, որը վերականգնվել է ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում: Նման պայմաններում կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գործողությունների միջոցով իրավապահ մարմինների շղթան ճեղքելուն և ՊՊԾ գունդը զավթած կազմակերպված խմբի անդամներին միանալուն, նույն խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված Անդրիաս Ղուկասյանի դիտավորյալ գործողությունները նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցվել», - ասված է հաղորդագրությունում:
Նշված հանցավոր արարքների կատարման համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: