Մատչելիության հղումներ

Amnesty-ի պնդմամբ Իրաքի և դաշնակիցների ուժերը Մոսուլի գրավման ժամանակ խախտել են միջազգային օրենքը


Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հատուկ զեկույց է հրապարակել, պնդելով, որ Մոսուլ քաղաքը «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելուն ուղղված ռազմական գործողությունների ընթացքում Իրաքի զինված ուժերը և նրանց աջակցող ռազմական կոալիցիոն ուժերը` ԱՄՆ-ի գլխավորությամբ, թույլ են տվել միջազգային մարդասիրական օրենքների խախտումներ, որոնք կարող են համարվել պատերազմական հանցագործություններ:

Իրավապաշտպան կազմակերպությունը, միաժամանակ, նշել է, որ «Իսլամական պետության» զինյալները նույնպես թույլ են տվել այդ օրենքների կոպտագույն խախտումներ` քաղաքացիական բնակչությանը օգտագործելով որպես կենդանի վահան` Իրաքի և կոալիցիոն ուժերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով:

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին երկուշաբթի օրը հայտարարել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը` Մոսուլը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու մասին:

2014 թվականի հունիսին ջիհադիստների վերահսկողության տակ անցած Մոսուլն ազատագրելու պայքարը մեկնարկել էր 2016 թվականի հոկտեմբերից՝ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ:

Մոսուլը գրավելուց հետո իսլամիստ ծայրահեղականները վերահսկողություն հաստատեցին նաև Իրաքի և Սիրիայի մի շարք տարածքների վրա հռչակելով դրանք այսպես կոչված խալիֆայություն: Շուրջ մեկ միլիոն մարդ տեղահան արվեց, քաղաքի բազմաթիվ շրջաններ ավերակների վերածվեցին:

Ռազմական փորձագետները արձանագրում են, որ Մոսուլի ազատագրումը մեծ հարված է իսլամիստ խմբավորումների համար, սակայն դա չի նշանակում, որ այդ տարածաշրջանում «Իսլամական պետություն» խմբավորումն այլևս վտանգ չի ներկայացնում:

Amnesty-ն հայտարարել է, որ իրաքյան ուժերը և նրանց աջակցող կոալիցիոն ուժերը մի շարք ապօրինի հարվածներ են հասցրել Մոսուլում` օգտագործելով հրթիռային մարտագլխիկներ, որոնք ավերածություններ են գործել քաղաքի խիտ բնակեցված շրջաններում:

«Նույնիսկ այն գրոհները, որոնք, թվում է, թե հարվածել են նախատեսված ռազմական թիրախներին, իրականացվել են այնպիսի զենքերով, որոնք նման պայմաններում կիրառելը նպատակահարմար չէր, իսկ կիրառման դեպքում ձեռք չեն առնվել անհրաժեշտ նախազգուշական միջոցներ` քաղացիականների շրջանում զոհերը կանխելու համար, իսկ որոշ դեպքերում իրականացվել են անհամարժեք հարձակողական գործողություններ», - ասված է զեկույցում:

Իրաքի պաշտպանության նախարարությունը և կոալիցիոն ուժերի զինվորական ղեկավարները առայժմ չեն մեկնաբանում Amnesty-ի զեկույցը:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նաև խստագույն քննադատության է ենթարկել «Իսլամական պետությանը» բազմաթիվ պատերազմական հանցագործությունների համար:

Amnesty-ն ընդունել է, որ հաշվի առնելով զինյալների մարտավարությունը, շատ դժվար կլիներ պաշտպանել քաղաքացիականներին, սակայն պնդել է, որ Իրաքի իշխանությունները և կոալիցիոն ուժերը անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռք չեն առել` մասնավորապես քաղաքացիականներին օդային գրոհներից պաշտպանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG