Մատչելիության հղումներ

Թիլերսոնի հետ հանդիպմանը Ալիևը դժգոհել է «Հայաստանի վերջին գործողություններից»


Ալիև - Թիլլերսոն հանդիպումը կայացել է Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսի շրջանակներում, որին մանակցում են էներգետիկ ոլորտի առաջատար երկրներն ու ընկերությունները:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտանական կայքէջը, Իլհամ Ալիևն այսօր Ստամբուլում Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունն ու դժգոհել Հայաստանի վերջին գործողություններից:

«Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ ներկայացրել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, ինչպես նաև տեղեկություններ փոխանցել պետքարտուղարին շփման գծում Հայաստանի վերջին սադրիչ գործողությունների վերաբերյալ», - նշում է Ալիևի մամուլի ծառայությունը:

Թիլլերսոնի արձագանքի վերաբերյալ ադրբեջանական աղբյուրները մանրամասներ չեն հաղորդում: Նշվում է միայն, որ պետքարտուղարը բարձր է գնահատել Ադրբեջանի դերը Աֆղանստանում՝ խաղարարար առաքելություններում, և ընդգծել Բաքվի կարևորությունը տարածաշրջանի էներգետիկ ծրագրերում:

Էներգետիկ ոլորտից պետդեպարտամենտ եկած Թիլլերսոնը, ըստ Ադրբեջանի նախագահական նստավայրի, նաև պնդել է, թե Վաշինգտոնը կշարունակի աջակցել «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրականացմանը, որով նախատեսվում է երեք տարի անց արդեն ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով հասցնել Եվրոպա:

Ադրբեջանի առաջնորդից բացի, պետքարտուղարը երեկ առանձնազրույց է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Հանդիպումը շարունակվել է մոտ երկու ժամ: Պաշտոնական աղբյուրները մանրամասներ չեն հաղորդում, սակայն, թուրքական լրատվամիջոցները, հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, նշում են, թե Էրդողանը կրկին պահանջել է Վաշինգտոնից դադարեցնել աջակցությունը Սիրիայի քուրդ զինյալներին, ինչպես նաև արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին, ում Թուրքիայում մեղադրում են անցած տարվա հեղափոխության փորձը կազմակերպելու մեջ:

Ինքը՝ պետքարտուղար Թիլերսոնը, հրապարակավ ընդունել է, որ երկկողմ հարաբերություններում լարվածություն կա: «Մենք, սակայն, սկսել ենք շտկել իրավիճակը», - ասել է նա Թուրքիայում աշխատող ամերիկացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ:

«Ես շուրջ վեց ժամ բանակցել եմ Թուրքիայի նախագահի հետ երեք տարբեր հանդիպումների ժամանակ, և կարծում եմ, որ ամեն հանդիպմանը մեր միջև մթնոլորտը բարելավվել է նախորդի համեմատ: Կարծում եմ, որ մենք սկսել ենք վերականգնել այն վստահությունը, որ կորցրել էինք միմյանց նկատմամբ. նրանք մեր նկատմամբ էին կորցրել վստահությունը, մենք՝ նրանց: Հիմա, կարծում եմ, մենք շատ եռանդուն ենք աշխատում այդ վստահությունը վերականգնելու ուղղությամբ, որը հենքն է ցանկացած հարաբերության»:

Ամերիկացի դիվանագետների հետ հանդիպմանը Թիլլերսոնը մի քանի անգամ շեշտել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են Վաշինգտոնի համար: Թերևս տարաձայնությունները մեղմելու նպատակով Նավթային կոնգրեսի բացմանը Միացյալ Նահանգների թիվ մեկ դիվանագետը որոշել էր անդրադառնալ Էրդողանի համար ամենացավոտ հարցերից մեկին՝ անցած տարվա հեղափոխության փորձին՝ ըստ էության, աջակցություն հայտնելով գործող վարչակազմին․ - «Ես, մենք բոլորս Ստամբուլում ենք վճռորոշ պահի: Մոտավորապես մեկ տարի առաջ Թուրքիայի ժողովուրդը՝ խիզախ կանայք ու տղամարդիկ, դիմակայեցին հեղափոխության փորձի կազմակերպիչներին ու պաշտպանեցին իրենց ժողովրդավարությունը: Օգտագորելով այս պահը՝ ես գնահատում եմ նրանց խիզախությունն ու հարգանքի տուրք մատուցում 2016-ի հուլիսի 15-ի զոհերի հիշատակին: Այդ օրը Թուրքիայի ժողովուրդը գործի դրեց Սահմանադրությամբ տրված իրավունքները, պաշտպանեց իր տեղը բարգավաճող Թուրքիայում, և մենք մշտապես կհիշենք նրանց, որոնք վնասվածքներ ստացան կամ զոհեցին այդ իրադարձությունների ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG