Մատչելիության հղումներ

Թուրքիայի ընդդիմության «Արդարության երթն» ավարտվեց բազմահազարանոց հանրահավաքով


Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության՝ հունիսի 15-ին սկսած «Արդարության երթը» նախօրեին ավարտվեց Ստամբուլում անցկացված բազմահազարանոց հանրահավաքով:

Ընդդիմադիր կուսակցության համակիրներն ու ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն «Արդարություն» գրությամբ պաստառներով 25 օրում անցան Անկարայից Ստամբուլ տանող շուրջ 450 կիլոմետրանոց ճանապարհը:

«Ջումհուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ, Ստամբուլի Մալթեփե շրջանում անցկացված երեկվա հանրահավաքին ավելի քան 2 մլն մարդ է մասնակցել:

Թուրքական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր ելույթում հանգամանորեն ներկայացրել է «Արդարության երթ» կազմակերպելու բոլոր շարժառիթները:

«Մենք քայլեցինք ճնշվածների իրավունքների, բանտարկված պատգամավորների, ձերբակալված լրագրողների, համալսարաններից վռնդված դասախոսների համար»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն՝ նշելով երթի մի շարք այլ պատճառներ ևս:

Իրենց հասցեին հնչող քննադատությանը՝ թե արդարությունը փողոցում չեն փնտրում, Քըլըչդարօղլուն հակադարձել է․ - «Մի երկրում, որտեղ մեծ անհավասարություն կա, դատարանները անկախ չեն, խորհրդարանի լիազորությունները յուրացված են, իսկ մամուլը՝ լռեցված, պայքարի միակ վայրը փողոցն է»:

Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավարը իրենց արդարության պահանջը ամփոփել է 10 կետից բաղկացած մանիֆեստով: Կետերը վերաբերում են անցած տարվա հուլիսի 15-ի հեղաշրջման ձախողված փորձից հետո երկրում տեղի ունեցած իրավախատումներին, ձերբակալություններին, ժողովրդավարության սկզբունքների ոտնահարմանը, խոսքի ազատության սահմանափակմանը, արտակարգ դրության պայմաններում անցկացված սահմանադրական հանրաքվեի վիճելի արդյունքներին, իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը:

«Այս պայքարը արդարության պայքար է: Այս երթը մեր երթն է: Մենք կանգ չենք առնի, քանի դեռ չեն կատարվել մեր բոլոր պահանջները: Արդարության երթի վերջին օրը մի նոր սկիզբ է, առաջին քայլը», - հայտարարել է Քըլըչդարօղլուն՝ նշելով, որ «Արդարության երթը» այսպիսով չի ավարտվում:

Թուրքական ընդդիմության՝ վերջին ժամանակների ամենամասշտաբային ակցիան համարվող «Արդարության երթը» Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդն ու կողմնակիցները սկսել էին երեք շաբաթ առաջ Անկարայի Գյուվենպարկ այգուց դեպի Ստամբուլ՝ այսպիսով բողոքելով կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման դատապարտելու դատարանի որոշման դեմ: Բերբերօղլուն առաջադրվել է պետական գաղտնի տեղեկություններ հրապարակելու մեղադրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG