Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի փաստաբանը Թրամփին խոստացել է Քլինթոնին վարկաբեկող նյութեր տրամադրել. ամերիկյան լրատվամիջոցներ


Դոնալդ Թրամփ, Հիլարի Քլինթոն, արխիվ
Դոնալդ Թրամփ, Հիլարի Քլինթոն, արխիվ

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին, անցյալ տարվա նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, հանդիպել է Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող փաստաբան Նատալյա Վեսելնիցկայային, ով խոստացել էր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութեր տրամադրել։ Այս մասին գրում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տան երեք տեղեկացված աղբյուրները։

Զրույցը տեղի է ունեցել Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում՝ 2016 թվականի հունիսի 9-ին Թրամփի նախընտրական շտաբում։

Միացյալ Նահանգներում ընթացող նախագահական ընտրություններում «ռուսական հետքի» շուրջ հետաքննության առանցքային հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև եղել է դավադրություն։

Թրամփի որդու հանդիպումը Վեսելնիցկայայի հետ, համաձայն The New York Times-ի, հանդիսանում է առաջին բացահայտ վկայությունն առ այն, որ, համենայն դեպս, Հանրապետական կուսակցության թեկնածուի թիմակիցներից ոմանք պատրաստ են եղել Ռուսաստանից օգնություն ընդունել։

Թերթն առայժմ չի պարզել, ի վերջո, Վեսելնիցկայան Թրամփի թիմին փոխանցե՞լ է Քլինթոնին վարկաբեկող նյութեր, թե՞՝ ոչ։

Ռուսաստանցի փաստաբանի հետ հանդիպման նպատակների շուրջ The New York Times-ի հարցին Թրամփ կրտսերն անցյալ շաբաթ օրը պատասխանել էր, թե իրենք քննարկել են Կրեմլի կողմից փակված՝ ամերիկացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրման ծրագիրը։ Քլինթոնի անունը նա ընդհանրապես չի հիշատակել։

Սակայն, հաջորդ օրը նախագահի որդին պարզաբանել է, որ զրույցը սկսել է Վեսելնիցկայայի հայտարարությամբ այն մասին, որ Ռուսաստանի հետ կապեր ունեցող անձինք ֆինանսավորում են Դեմոկրատական կուսակցությունը և անձամբ Հիլարի Քլինթոնին։ Դրանից հետո, երբ իրեն հայտնի է դարձել, որ իր զրուցակիցն ավելի կոնկրետ տեղեկություններ չի կարողանում ասել, Թրամփ կրտսերն անցել է միջազգային որդեգրման թեմային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG