Այսօր Ստամբուլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ըստ ԱՊԱ գործակալության, հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ երկկողմ հարաբերությունները տարբեր, այդ թվում՝ քաղաքական և էներգետիկ ոլորտներում «հաջողությամբ զարգանում են»: Զրույցի ընթացքում քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության հարցը: «Նախագահ Ալիևը ևս մեկ անգամ հայտնել է Ադրբեջանի դիրքորոշումն այդ խնդրի վերաբերյալ»,- փոխանցում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
Իլհամ Ալիևը Ստամբուլում մասնակցում է Համաշխարհային նավթային կոնգրեսին: Նա Ստամբուլում հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության հարցը:
«Նախագահ Ռեջեփ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան, ինչպես միշտ, աջակցում է հակամարտության կարգավորմանը միջազգային իրավական նորմերի հիման վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: