Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում փորձում են կանխել Թուրքիային զենքի վաճառքը


Բողոքի ցույց Վաշինգտոնում Էրդողանի այցի ժամանակ, 16-ը մայիսի, 2017թ.
Բողոքի ցույց Վաշինգտոնում Էրդողանի այցի ժամանակ, 16-ը մայիսի, 2017թ.

Միացյալ Նահանգներում փորձում են կանխել ռազմավարական դաշնակից Թուրքիային զենքի վաճառքը։ Ռոդ Այլենդ նահանգից ընտրված կոնգրեսական Դևիդ Սիսիլինին, մասնավորապես, պատրաստվում է արգելափակել F-35 կործանիչների մատակարարումը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանի թիկնազորի մասնակցությամբ Վաշինգտոնում ավելի վաղ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի պատճառով:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի փոխանցմամբ, Դեմոկրատական կուսակցության ազդեցիկ կոնգրեսականը համապատասխան լրացում է կատարել 2018 թվականի պաշտպանության իրավազորության օրենքում, որը պետք է քննարկվի առաջիկա օրերին։

Ռեջեփ Էրդողանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցելության ժամանակ, հիշեցնենք, նրա թիկնապահները հարձակվել էին այցի դեմ բողոքող հայ, քուրդ, հույն խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Ոստիկանության տվյալներով՝ բռնության զոհ էր դարձել 11 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան:

Ինքը` Էրդողանը իրադարձությունների զարգացմանը հետևել էր դեսպանատան մերձակայքում կայանված ծառայողական մեքենայից:

Միջադեպը զայրույթի ալիք էր բարձրացրել Նահանգներում` քննադատության արժանանալով թե՛ վարչակազմի, թե՛ օրենսդիրների կողմից:

Կոնգրեսն այդ բռնությունը դատապարտող բանաձև է ընդունել: Վաշինգտոնի ոստիկանությունը ԱՄՆ-ում բնակվող երկու թուրքի է ձերբակալել, ինչպես նաև Էրդողանի թիկնազորի 12 անդամներին ձերբակալելու սանկցիա է տվել, որոնցից 9-ը թիկնապահներ են, 3-ը՝ Թուրքիայի ոստիկանության սպաներ, վերջիններս, սակայն, արդեն հեռացել էին Միացյալ Նահանգներից:

Կոնգրեսական Սիսիսլինիի առաջարկը հավանության արժանանալու դեպքում, Թուրքիային զենք վաճառելու արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Միացյալ Նահանգների նախագահը հաստատի, որ թուրքական կառավարությունը համագործակցում է իրավապահների հետ և պատասխանատվության է ենթարկելու Վաշինգտոնում ցուցարարներին ծեծած պաշտոնյաներին։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մամուլի ծառայության փոխանցմամբ, մինչ այդ էլ կոնգրեսական Դեյվիդ Թրոթն ուղղում էր առաջարկել, որով արգելվելու էր Թուրքիային ատրճանակների վաճառքը, իսկ կոնգրեսական Դոն Բեյերը հանդես էր եկել այն անձանց վիզայի տրամադրման արգելքի օգտին, որոնք մասնակցել են Վաշինգտոնում խաղաղ ցուցարարներին դաժան ծեծի ենթարկելու միջադեպին։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, նախնական պայմանավորվածության համաձայն, Թուրքիան ծրագրում էր ավելի քան 100 կործանիչ գնել, ընդ որում` առաջին մատակարարումը պետք է իրականացվեր արդեն 2018 թվականին:

Պաշտոնական Անկարան առայժմ չի արձագանքել կոնգրեսականների նախաձեռնությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG