Մատչելիության հղումներ

Համբուրգում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Համբուրգում, 8-ը հուլիսի, 2017թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Համբուրգում, 8-ը հուլիսի, 2017թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում են ունեցել Գերմանիայի Համբուրգ քաղաքում՝ Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում:

Anadolu գործակալության հաղորդմամբ՝ մոտ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում երկու նախագահները քննարկել են սիրիական ճգնաժամին, «Թուրքական հոսք» գազատարին, Աքքույու ատոմակայանին առնչվող հարցեր:

Էրդողանը, ընդգծելով համբուրգյան G20-ի առանձնահատուկ բնույթը, կարևորել է Պուտինի հետ հանդիպումը: «Մեր տարածաշրջանում մեծ սպասումներ կան Սիրիայի և Իրաքի հարցում: Ես հատուկ նշանակություն եմ տալիս այս հանդիպմանը: Իմ և թուրք ժողովրդի անունից երախտագիտություն եմ հայտնում կամքի դրսևորման համար»,- ասել է նա Պուտինին:

Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել, որ թուրք-ռուսական համագործակցությունը դրականորեն է ներազդում տարածաշրջանում առկա իրավիճակի վրա: Նա համոզմունք է հայտնել, որ գործակցությունը տնտեսական, զբոսաշրջության, պաշտպանական արդյունաբերության ոլորտներում է՛լ ավելի կամրապնդի երկկողմ հարաբերությունները:

Ռուսաստանի նախագահը, իր հերթին, բարձր է գնահատել Թուրքիայի ջանքերը Սիրիայի հարցում նկատվող դրական առաջընթացի ուղղությամբ: «Մեծամասամբ Ձեր դիրքորոշման շնորհիվ հնարավոր եղավ դեպի լավը փոխել Սիրիայում առկա դրությունը: Այս ընթացքում մեծ հարված է հասցվել ահաբեկչական խմբավորումներին, կարգավորման գործընթացում էլ լուրջ առաջխաղացում կա», - նշել է Պուտինը:

Նա ընդգծել է՝ վերջին շրջանում մեծ աշխատանք է տարվել երկու երկրների հարաբերությունների համակողմանի զարգացման և երկկողմ հետաքրքրություններին առնչվող մի շարք կարևոր խնդիրներ լուծում համար:

Համբուրգի երկօրյա գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահը հանդիպել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Չնայած վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններում նկատվող լարվածությանը՝ երկու առաջնորդների հանդիպումը դրական մթնոլորտում է անցել: Շուրջ մեկ ժամ տևած դռնփակ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են վերջին զարգացումները Սիրիայում, Կատարի ճգնաժամը, փախստականների հիմնախնդիրը, ինչպես նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները, Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ օրերս ընդունած որոշումը և Գերմանիայում բնակվող թուրք քաղաքացիների հետ Էրդողանի հանդիպման արգելքը:

G20-ից օրեր առաջ գերմանական իշխանությունները թուրքական կողմին զգուշացրել էին, որ Ռեջեփ Էրդողանը չի կարող հանդիպել գերմանաբնակ իր աջակիցներին, ինչպես նաև ելույթ ունենալ թուրքական հյուպատոսարանում: Բացի այդ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր, որպեսզի Թուրքիայի նախագահի՝ Վաշինգտոնի բռնություններին մասնակցած թիկնապահները նրան չուղեկցեն Համբուրգ այցի ժամանակ։ Այսպիսով գերմանական իշխանությունները փորձել են կանխել ԱՄՆ-ում տեղի ունեցած սկանդալային միջադեպի կրկնությունը՝ հաշվի առնելով գերմանաբնակ թուրքերի ու քրդերի միջև բախումների հավանականությունը:

Թուրքական Sabah-ը գրում է, որ Մեծ քսանյակի գագաթնաժողովը հյուրընկալող Գերմանիայում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել հատկապես Թուրքիայի, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների համար:

Ռեջեփ Էրդողանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցելության ժամանակ, հիշեցնենք, նրա թիկնապահները հարձակվել էին այցի դեմ բողոքող հայ, քուրդ, հույն խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: ԱՄՆ Կոնգրեսն այդ բռնությունը դատապարտող բանաձև է ընդունել: Վաշինգտոնի ոստիկանությունը ԱՄՆ-ում բնակվող երկու թուրքի է ձերբակալել, ինչպես նաև Էրդողանի թիկնազորի 12 անդամներին ձերբակալելու սանկցիա է տվել, որոնցից 9-ը թիկնապահներ են, 3-ը՝ Թուրքիայի ոստիկանության սպաներ․ վերջիններս, սակայն, արդեն հեռացել էին Միացյալ Նահանգներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG