Մատչելիության հղումներ

Ալին Արթինյան. Հայաստանում շատ մեծ տաղանդ կա


Հաճախ ենք լսում, որ հայաստանցի երիտասարդ երաժիշտները մասնակցում են արտասահմանյան երկրներում տեղի ունեցող այս կամ այն երաժշտական մրցույթին կամ փառատոնին, լուրջ հաղթանակներ գրանցում՝ ինչպես, օրինակ, Սերգեյ Խաչատրյանը կամ Նարեկ Հախնազարյանը, հաղթանակներ, որոնք նրանց համար ստեղծագործական նոր հեռանկարներ են բացում՝ հնարավորություն տալով նաև աշխատանք գտնել արտերկրում լավագույն բեմահարթակներում:

Բոլորը չէ, իհարկե, որ նրանց նման կարող են հաղթել երաժշտական աշխարհի այդ ամենահեղինակավոր մրցույթներում, իրականում միշտ չէ, որ հայաստանցի երիտասարդ երաժիշտները մասնակցում են շատ հայտնի մրցույթների, որովհետև դրանք շատ բարդ են և լուրջ նախապատրաստական աշխատանք են պահանջում, նաև, անշուշտ, կապեր, որոնք ցանկության դեպքում թերևս կարելի է գտնել սփյուռքահայ հայրենակիցների շրջանում:

Այս օրերին Երևանում ընթանում է «Արմենիա» դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը, որին որպես պատվավոր հյուր փառատոնի կազմակերպիչների կողմից հրավիրվել է նաև ֆրանսահայ երաժիշտ, կոմպոզիտոր, դասական երաժշտության փարիզյան երկու փառատոների նախագահ Ալին Արթինյանը: Նա նաև Ֆրանսիս Փուլեքի անվան դաշնամուրային երաժշտության հայտնի մրցույթի փոխնախագահն է:

«Ազատությանը» տված հարցազրույցում նա պատմեց իր գործունեության մասին, ասաց, որ ողջ կյանքը նվիրել է դաշնամուրային երաժշտությանը:

Հայաստանցի դաշնակահարների մասին Ալին Արթինյանը ասաց․ - «Կխորհիմ, որ շատ մեծ տաղանդ կա, կխորհիմ, որ պետք է ոչ թե դուռը բանան՝ դռները բացված են արդեն, նպատակը այսօրվան՝ որ Հայաստանեն տեղեկություն ունենան, ուրիշ երկրները լավ չեն գիտեր մեր Հայաստանի տաղանդները, անոնք որ կաճին արդեն, լուր չունին: Մասնավորապես, պիտի վերադառնամ և խոսիմ նրանց մասին, և պետք է տաղանդները հայկական անպայման դուրս ելնեն և կրկին վերադառնան»:

«Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այստեղից երիտասարդ դաշնակահարները չեն գալիս մասնակցելու Ֆրանսիայում տեղի ունեցող մրցույթներին», - «Ազատության» այս հարցին ֆրանսահայ երաժիշտը արձագանքեց․ - «Ես կուզեի, որ իրենք ջանան գալ, որ արձանագրվին մեր ֆրանսիական կոնկուրներու մեջ, որ շատ մեծ են անշուշտ, համբավ ունին, բայց տակավին չեն շարժված: Ես փոխնախագահն եմ Ֆրանսիս Ֆուլեքի անվան դաշնամուրային երաժշտության միջազգային մրցույթի՝ Ֆրանսիս Ֆուլեքը շատ մեծ ֆրանսիական կոմպոզիտոր է, իր մրցույթին կմասնակցին, և դրա հիմնադիրը Ժակ Լագարն է, որը շատ մեծ անուն ունե: Հասկցաք, որ հարաբերությունները պետք է պինդ ձևով և շատ լուրջ ձևով հաստատել»:

Ցավոք, Հայաստանում ապրող երիտասարդ տաղանդաշատ ոչ բոլոր երաժիշտներն են հնարավորություն կամ պատեհություն ունենում ճանաչելու կամ համագործակցելու տվյալ բնագավառի սփյուռքահայ հայրենակիցների հետ, թերևս եթե միայն պատահաբար ինչ-որ տեղ ինչ-որ կերպ ծանոթություն է հաստատվում, այնինչ կարելի էր պետական մակարդակով, ասենք՝ Սփյուռքի նախարարության միջոցով, կապեր հաստատել հենց այնպիսի մասնագետների հետ, ինչպիսիք են Ալին Արթինյանն ու ուրիշներ, ովքեր մշտապես պատրաստ են աջակցելու հայաստանցի շնորհաշատ երիտասարդներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG