Մատչելիության հղումներ

Թրամփ-Պուտին հանդիպումը՝ գլխավոր միջազգային իրադարձություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են Համբուրգում, 8-ը հուլիսի, 2017թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են Համբուրգում, 8-ը հուլիսի, 2017թ․

Գերմանական Համբուրգ քաղաքում՝ աշխարհի խոշորագույն 20 երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում, ուրբաթ օրը տեղի ունեցավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թրամփ-Պուտին հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել ողջ աշխարհում և, իհարկե, ԱՄՆ-ում, որտեղ Կոնգրեսը և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը շարունակում են հետաքննել Ռուսաստանի և Թրամփի շրջապատի հնարավոր կապերը։ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները կասկած չունեն, որ Ռուսաստանը հաքերային հարձակման և ԱՄՆ-ում հեռարձակվող իր քարոզչամիջոցներով ներազդել է 2016 թվականի նախագահական ընտրությունների վրա։ Ընդ որում, նշվում է, որ հաքերային հարձակումը արտոնել է անձամբ Վլադիմիր Պուտինը։ Սակայն ինքը նախագահ Թրամփը հրապարակային իր հայտարարություններում խոսում է Ռուսաստանի հաքերային միջամտության հնարավորության մասին միայն, չբացառելով, որ այլ երկրներ նույնպես կարող էին ԱՄՆ-ի դեմ կիբերհարձակումներ գործել։

Հուլիսի 7-ին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Թրամփը, սպասվածին հակառակ, բանակցությունները սկսել էր՝ բարձրացնելով հենց այդ հարցը, փոխանցելով, ինչպես ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնեց, ամերիկյան ժողովրդի մտահոգությունը, որ Ռուսաստանը հաքերային հարձակում է գործել 2016-ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Բանն այն է, որ փորձագետները և մեկնաբանները ենթադրում էին, թե Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու հարցը օրակարգում չկա։

Սակայն ավելի քան 2 ժամ 15 րոպե տևած հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը մի քանի անգամ շարունակաբար բարձրաձայնել է այդ հարցը։ Վլադիմիր Պուտինը հերքել է Թրամփի մեղադրանքը, պնդելով, թե Ռուսաստանը չի փորձել միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Ի դեպ, այս նույն հարցին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումից հետո այլ գնահատական տվեց, ասելով, թե Թրամփը բարձրացրել է ԱՄՆ ընտրությունների Ռուսաստանի միջամտության հարցը, սակայն Պուտինը հերքել է այդ մեղադրանքը, և ԱՄՆ նախագահն էլ ընդունել է Պուտինի բացատրությունը։ Սպիտակ տան պաշտոնյաները, դիվանագետները, մինչդեռ, հակառակն են ասում՝ նշելով, որ Թրամփը չի ընդունել Պուտինի բացատրությունը։

Երկու երկրների ղեկավարները համաձայնել են ստեղծել երկկողմ հանձնաժողովներ կիբերհանցագործությունները կանխելու համար։

Մյուս ամենակարևոր հարցը սիրիական պատերազմի հարցն է՝ կողմերը համաձայնել են սկսած կիրակի օրվանից հրադադար կնքել պատերազմող կողմերի միջև։ Թիլերսոնը ասաց, թե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները աշխատելու են համատեղ քաղաքական այդ գործընթացում, որը կերաշխավորի Սիրիայի ժողովրդի խաղաղ ապագան։ Թեև այս պատերազմում երկու երկրները պաշտպանում են հակառակ կողմերին, այդուհանդերձ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նպատակները նույնն են, հայտարարեց պետքարտուղարը։

Ինչպես վկայում են երկու կողմերի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, նախագահների միջև լավ հարաբերություններ են հաստատվել։ Մինչև հանդիպումը Թրամփը և Պուտինը երկու անգամ միմյանց ձեռք սեղմեցին, հաճոյախոսեցին։

«Հուսով ենք, որ բազմաթիվ դրական տեղաշարժեր կլինեն թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ ընդհանրապես բոլորի համար: Ինձ համար պատիվ է Ձեզ հանդիպելը», - ասաց Թրամփը։

Պուտինը, իր հերթին, ասաց, որ ուրախ է Թրամփի հետ անձամբ ծանոթանալու համար, և հավելեց․ - «Եթե մենք ուզում ենք քննարկել երկկողմ հարցեր և սուր, հրատապ միջազգային հարցեր, նման անձնական հանդիպումները անհրաժեշտ են: Հուսով եմ, որ հանդիպումը դրական արդյունքներ կտա»:

Հանդիպման հաջորդ օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպումից հետո Թրամփը կրկին անդրադարձավ Պուտինի հետ իր հանդիպմանը՝ ասելով․ - «Ես հրաշալի հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ»։

Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ ունեցավ նաև Մեծ քսանյակի ղեկավարների հետ։ Իսկ մինչ Համբուրգ գալը Միացյալ Նահանգների նախագահը ելույթ ունեցավ Վարշավայում, որտեղ հայտարարեց, որ ԱՄՆ-ը միշտ կանգնելու է Լեհաստանի կողքին և հավատարիմ է լինելու ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ կետին, ըստ որի՝ եթե Հյուսիսատլանտյան դաշինքի որևէ անդամ հարձակման է ենթարկվում, ապա մյուս անդամները պետք է օգնության հասնեն։ Թրամփը քննադատեց Ռուսաստանին՝ կոչ անելով Մոսկվային դադարեցնել ապակայունացնող գործողությունները Ուկրաինայում և այլուր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG