Մատչելիության հղումներ

Շփման գծում իրավիճակը համեմատաբար հանդարտվել է


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղում ուրբաթ օրը ադրբեջանական կողմի արկակոծության հետևանքով վիրավորված երեք հայ զինծառայողներից երկուսի վիճակը կայուն է, մեկինը՝ կայուն ծանր, «Ազատությանը» փոխանցեցին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից։

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն էլ փոխանցեց, որ այսօր շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել զինադադարի ռեժիմը:

«Որևէ արտառոց իրավիճակ, իրադարձություն տեղի չի ունեցել, ամենօրյա է: Ճիշտ է, նրանք էլի խախտում են զինադադարի ռեժիմը, բայց ընդհանուր առմամբ՝ ոչինչ, ավելի նորմալ է», - «Ազատությանը» ասաց Բաբայանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 2-8-ը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում նկատվել է լարվածության աճ: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ընդհանուր առմամբ ավելի քան 300 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, Դ-44 տիպի հրանոթներ ու նռնականետեր: Նախարարությունից նաև հաղորդում են, որ հուլիսի 4-ին ադրբեջանական զինուժն առաջին անգամ շփման գծի հարավային հատվածում կիրառել է այնպիսի զինատեսակներ, որոնք կիրառել էր նախորդ տարվա ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ։

Վերլուծելով վերջին օրերի իրավիճակը՝ Բաբայանն ասաց. - «Ճիշտ է, կան որոշ հանգամանքներ, իմ կարծիքով, այստեղ պետք է նաև հաշվի առնել, որ ըստ երևույթին Ադրբեջանում թեժացել է ներքաղաքական իրավիճակը, և դա է նաև պատճառը նման ագրեսիայի դրսևորման, որպեսզի բնակչության ուշադրությունը շեղվի: Միգուցե սա էլ է ինչ-որ ձևով առիթ տալիս՝ ավելի ինտենսիվ ձևով զինադադարի ռեժիմը խախտի հակառակորդը: Բայց ընդհանուր առմամբ որևէ հատուկ պատճառ չկա՝ պատճառը հենց այդ պետության էությունն է»:

Ինչ վերաբերում է ադրբեջանցի երեխայի զոհվելու հուլիսի 4-ի դեպքին, Դավիթ Բաբայանը դա որակեց որպես ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ․ - «Այն, ինչ մենք տեսնում ենք, դա նաև ահաբեկչություն է իր սեփական բնակչության նկատմամբ՝ տեղակայել թնդանոթներ գյուղում, այդ երեխայի սպանությունը, որը սպանություն է, որը, կրկնում եմ, մենք բոլորս ողբում ենք, բայց սա մենք չենք մեղավոր, սա ալիևյան կլանի հետևանք է, և ուզում եմ կրկին ասել, որ կան լուրջ հիմքեր՝ պնդելու, որ դա տեղի է ունեցել սեփական զորքի կողմից, թալանի ընթացքում, երբ որ լքված տները փորձ է կատարվել թալանել, և այնտեղ մարդ է մնացել: Ինչպես մենք տեսել ենք տասնյակ նման դեպքեր՝ ապրիլյան պատերազմի, նույն Խոջալուն, և այլն»:

«Բայց ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ այդ ահաբեկչությունը շարունակվում է, այդ շոուն, այդ անմարդկային, սատանեական քաղաքականությունը, որ Ալիևը վարում է: Այս ամենը, իհարկե, արդեն այլընտրանք Ադրբեջանի համար չեն թողնում՝ կլանի համար», - շեշտեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG