Գորիսի ավագանու հունիսի 28-ի նիստի ընթացքում ավագանու անդամ Կարեն Լազարյանը բարձրացրել էր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին Գորիս հրավիրելու հարցը: Ավագանու անդամը նշել էր, որ մարզպետին դեմքով չեն ճանաչում, առաջարկել էր, որպեսզի Հակոբյանը հաշվետվություն տա 10 ամիսների իր գործունեության վերաբերյալ:
«Ես գիտեմ, որ մարզպետը ՏԻՄ-ի [տեղական ինքնակառավարման մարմնի] հետ ՏԻՄ-ի օրենքով որևէ առնչություն չունի, բայց մենք ընտրովի մարմին ենք և մենք ընդամենը առաջարկել ենք և ուղերձ ենք պատրաստել: Դրանից հետո մարզպետը եթե կուզի՝ թող չգա, ուզում է՝ թող գա, դա իր որոշումն է: Եվ չեմ կարծում, որ որևէ արտառոց բան է տեղի ունեցել՝ ընդամենը մենք ուզում ենք, որպեսզի մեր մարզպետին ճանաչենք», - «Ազատության» հետ զրույցում ասել էր Լազարյանը:
Ավագանու անդամները բարձրացված խնդրի վերաբերյալ որոշել են ուղերձ պատրաստել և ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին: Կողմ են քվեարկել նիստին մասնակցող ավագանու բոլոր 9 անդամները:
Մինչդեռ Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ զարմացած են տեղի ունեցածով, քանի որ ավագանու անդամները երբևէ որևէ հարցում ակտիվություն չեն ցուցաբերել:
«Քանի անգամ բազմաթիվ միջոցառումներին մենք մասնակցել ենք Գորիսի, և որևէ անգամ ավագանին Գորիսի ակտիվություն չի ցուցաբերել որևէ տեսակ և չի արտահայտել ցանկություն՝ մարզպետի հետ հանդիպելու, կամ ինչ-որ խնդիրներ բարձրաձայնելու․․․ Չի եղել նման բան», - ընդգծեց Սաղաթելյանը՝ հավելելով․ - «Եվ ըստ այդմ, տեսնել այդպիսի պահանջ, և ասել, որ մարզպետի կողմից իրենք անտեսված են, կարծում եմ՝ առնվազն արդարացի չէ և օբյեկտիվ չէ»:
Վազգեն Սաղաթելյանն ավելացրեց, որ բարձրացված հարցը հասկանալի կլիներ, եթե երբևէ Գորիսի ավագանու անդամները որևէ հարցով դիմեին մարզպետին և անուշադրության մատնվեին: Մամուլի խոսնակն ընդգծեց, որ անմիջապես վարչապետին ուղերձով դիմելու հանգամանքը արհեստածին ինտրիգ ստեղծելու տպավորություն է թողնում:
«Ազատության» հետ զրույցում ավագանու անդամ Կարեն Լազարյանը հերքել էր, որ մարզպետին Գորիս հրավիրելու առաջարկը դիտավորություն է:
Օրերս Սյունիքի մարզպետը հայտարարել է, որ մարզխորհրդի հուլիսի 13-ի հերթական նիստը Գորիսում է տեղի ունենալու, և կատարվելու է նաև քաղաքացիների ընդունելություն: