Մատչելիության հղումներ

Խորհրդարանը հաստատեց 2016 թ․ պետբյուջեի կատարման հաշվետվությունը


ԱԺ նիստում, արխիվ
ԱԺ նիստում, արխիվ

Ազգային ժողովն այսօր լսեց նաև Վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան հաշվետվությունը՝ «աղմկահարույց բացահայտումներ չեն եղել»:

Ազգային ժողովն այսօր հաստատեց 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Կողմ քվեարկեց 53, դեմ՝ 22 պատգամավոր:

Ըստ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությունը հնարավորություն ուներ չքվեարկելու միջոցով տապալել բյուջեի կատարողականի հաստատումը: Քվեարկությունից առաջ Փաշինյանը ընդդիմադիրներին կոչ արեց՝ չքվեարկել, այդպիսով զրկելով իշխող ուժերի ներկայացուցիչներին քվորում ապահովելու հնարավորությունից: «Ծառուկյան» դաշինքից Վահե էնֆիաջյանը հակադարձեց՝ չքվեարկելու հիմքեր չեն տեսնում:

«2016 թվականն արդեն իսկ իրականություն է, և կառավարությունն իր լիազորությունների շրջանակներում գործառույթներն արդեն իսկ իրականացրել է: Մեր դիրքորոշումը, բնականաբար, դեմ է, մենք մեր մոտեցումներն ու հիմնավորումներն արդեն իսկ ասել ենք, և այս պահի դրությամբ չքվեարկելու մեջ հիմքեր չենք տեսնում»,- ասաց էնֆիաջյանը:

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն պնդմամբ՝ դահլիճում քվորում առկա էր․ «Մենք դահլիճում ունեինք 53 ձայն և այդպես էլ քվեարկեցինք»: Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի խոսքով էլ՝ եթե անգամ բյուջեի կատարողականը չհաստատվեր, ապա դա որևէ քաղաքական հետևանք չէր առաջացնի։

Ազգային ժողովն այսօր լսեց նաև Վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան հաշվետվությունը: Պալատի նախագահ Լևոն Յոլյանն ասաց՝ դատախազությունն իրենց ստուգումների արդյունքում երեք քրեական գործ է հարուցել, բայց նաև հավելեց՝ աղմկահարույց բացահայտումներ այս հաշվետվության մեջ չկան: «Վերջին շրջանում կարծես թե դրական տեղաշարժ է նկատվում, քանի որ աղմկահարույց դեպքեր գրեթե չեն արձանագրվել»,- հայտարարեց Յոլյանը:

«Ծառուկյան» դաշինքից Իվետա Տոնոյանը հիշեցրեց՝ բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում էլ Վերահսկիչ պալատի նախագահը աղմկահարույց բացահայտումների մասին չխոսեց, մինչդեռ ինքը նկատել է՝ գերատեսչություններից մեկին 217 միլիոն դրամ է տրամադրվել 25 հազար էջ թարգմանության համար: Թարգմանության ծառայությունները, ըստ Տոնոյանի, ավելի էժան են՝ «տատանվում են 1500 դրամից մինչև 5000 դրամը»: Ի պատասխան, Լևոն Յոլյանը խոստացավ, որ Պալատի 2017 թվականի հաշվետվությունը կլինի պատգամավորի նշած «պահանջներին համապատասխան»:

Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը տարիներ առաջ մի շարք աղմկոտ բացահայտումներ էր ներկայացրել, մասնավորապես, փաստելով, որ «մալուխի գործով» բյուջեից միլիոններ են մսխվել: Այդ ելույթն ավելի ուշ արժանացել էր նախագահ Սերժ Սարգսյանի խիստ կշտամբանքին՝ «քաղաքական գնահատականներ» պարունակելու համար: Այսօր Հանրապետականի գործադիր մարմնի անդամ՝ հարակից զեկուցող Սամվել Նիկոյանը շեշտեց՝ Յոլյանի զեկույցը «քաղաքականապես չեզոք է և զուսպ»:

Այսօր խորհդրարանում քննարկվեց նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության հաշվետվությունը: Հիմնական ելույթները, սակայն, վերաբերում էին հեռուստաեթերի բովանդակությանը: Նիկոլ Փաշինյանը նկատեց․ «Շատ դեպքերում ընտանիք և մարդկային հարաբերություններ հասկացությունները մեր հեռուստաեթերում տանում են նրան, որ մեկ էլ եթերում տեսնում ես, որ 100 հոգի մտել են 2 հոգու անկողնու մեջ ու սկսել են ինչ-որ վերլուծություններ անել, թե ինչ է տեղի ունենում այդ անկողնում»:

Քննադատողների դիրքերում էին նաև իշխող հանրապետականները: Թեև իշխանական լծակները հենց ՀՀԿ-ի ձեռքում են, ԱԺ ամբիոնից իշխանական պատգամավորները բողոքում էին, որ եթերը ողողված է անճաշակ հաղորդումներով, որոնք որևէ կրթական խնդիր չեն լուծում: ԱԺ փոխխոսնակ Էդուրդ Շարմազանովն էլ անդրադարձավ սերիալներին․ «Լավ ինչքան կարելի է՝ վատը, վատը, վատը ցույց տալ: Եթե մի տեղ կա լուսավոր կետ, պետք է այդ լուսավորը ցույց տալ»:

Հանրապետական պատգամավոր Արման Սաղաթելյանը, ով մինչ խորհրդարանական մանդատ ստանալը երկար տարիներ աշխատել է հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում, անցած տարվանից էլ զբաղեցնում էր Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը՝ հորդորեց ոլորտի վերաբերյալ հնչող բոլոր առաջարկները հիշել նաև բյուջեի քննարկման ժամանակ և գումար հատկացնել «բարձրորակ բովանդակություն» ստեղծելու համար: «Ուղղակի քննադատում ենք, խոսում ենք դրա մասին, բայց որպեսզի դա դառնա օբյեկտիվ իրականություն, երևի վերհիշենք բյուջեի քննարկման ժամանակ, որ չմնա ընդհանուր կենացների շրջանակներում»,- ասաց Սաղաթելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG