Մատչելիության հղումներ

«Ոսկե Ծիրանը» ավանդաբար կմեկնարկի ծիրանի օրհնությամբ


Հայաստանում ամենանշանավոր մշակութային իրադարձություններից մեկը՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնն արդեն 14-րդ անգամ մեր մայրաքաղաքում մեկ ամբողջ շաբաթ կհամախմբի ոչ միայն կինոարվեստի սիրահարներին, որոնք հնարավորություն կունենան դիտելու ամենահեղինակավոր մրցանակների արժանացած ֆիլմեր, այլև եվրոպական շունչ կհաղորդի մեր մայրաքաղաքին, որտեղ փառատոնի շրջանակներում կհյուրընկալվեն անվանի կինոգործիչներ ամենատարբեր երկրներից, տեղի կունենան բացօթյա ջազ և փոփ համերգներ և իհարկե նաև՝ բացօթյա կինոդիտումներ:

Հուլիսի 9-ին «Ոսկե Ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը ավանդաբար կմեկնարկի ծիրանի օրհնությամբ: Այնուհետև արդեն «Մոսկվա» կինոթատրոնի մոտ մեր կինոյի մեծերին, վարպետներին նվիրված աստղերի բացմամբ:

«Այս տարի կլինի Ֆրունզե Դովլաթյանի աստղը, Յուրի Երզնկյանի աստղը և Սերգեյ Իսրայելյանի աստղը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց փառատոնի նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը՝ հավելելով, որ հաջորդ տարի Արտավազդ Փելեշյանի և Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանների կապակցությամբ կտեղադրվեն նրանց աստղերը:

Ծիրանի օրհնությունից և աստղերի բացումից հետո հրավիրյալ կինոգործիչներն ու հյուրերը առաջիկա կիրակի օրը կանցնեն ավանդական կարմիր գորգի վրայով և «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Ոսկե Ծիրան» 14-րդ միջազգային կինոթառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Այս տարի փառատոնի բացման ֆիլմը Համո Բեկնազարյանի «Խասփուշ»-ն է, որի ստեղծման 90-ամյակն է լրանում: Սա առաջին պատմահեղափոխական հայկական կինոնկարն է, որը պատմում է Պարսկաստանում ընչազուրկ գյուղացիների և արհեստավորների ապստամբության մասին:

Ի դեպ, այս տարի մի ուշագրավ փոփոխություն է տեղի ունեցել․ նախկինում փառատոնի բացման ու փակման ֆիլմերը դիտելու համար մուտքը կինոդահլիճ միայն հրավիրատոմսերով էր: Իսկ այս տարի կարգը փոխվել է:

«Մենք անցած տարիներին բավականին սխալ էինք անում․ հրավիրում էինք միայն մեր ցանկացած մարդկանց», - ասաց Հարություն Խաչատրյանը: - «Բայց հասարակ գնորդը չէր կարող գալ կասսայում տոմս առներ: Այս տարի մենք որոշեցինք կիսենք դահլիճը․ կեսը՝ սպոնսորներին և օգնողներին և մասնակիցներին, ովքեր որ ուզում են նայեն ֆիլմը, իսկ կեսը ազատ վաճառք լինի»:

Հավելենք, որ այս տարի «Ոսկե Ծիրանին» մասնակցության համար 96 երկրից ստացված 1100 հայտերից ընտրվել է 47 ֆիլմ, որոնք կցուցադրվեն 3 մրցութային ծրագրերում: Կլինեն նաև հետահայաց ցուցադրություններ և արտամրցությաին տարբեր ծրագրեր:

Ի դեպ, Կինոգործիչների տանը երիտասարդ կինոգործիչների ֆիլմերի ցուցադրության համար նախատեսված ծրագրում այս տարի ընդգրկվել էին ԼԳԲՏ համայնքի՝ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների կյանքի մասին պատմող մեկ գեղարվեստական և մեկ վավերագրական ֆիլմ: Գեղարվեստական ֆիլմը կոչվում է «Ծիրանի այգիներ» (ռեժիսոր Փուրիա Հեյդարի), իսկ վավերագրական ֆիլմի հեղինակը ռեժիսոր Գագիկ Ղազարեն է: Երկու ֆիլմերն էլ չեն ցուցադրվելու, քանի որ Կինոգործիչների միության ղեկավարությունը, միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի անժամանակ մահվան կապակցությամբ, վճռել է չմասնակցել «Ոսկե Ծիրանի» ցուցադրություններին:

«Այդ ծրագիրը իրենք չենք կարող ցուցադրել», - այսօր ասաց կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը: - «Հույս ունեմ, որ մենք ծրագիրը կփորձենք մյուս տարի ցուցադրել: Որովհետև դա մեր կոնկուրսային ֆիլմերը չեն: Մենք կոնկուրսային ֆիլմերը վերցնում են միայն արվեստի և արժեքի չափանիշներով: Բայց դա անում են երիտասարդները, շատ լավ երիտասարդներ են: Միգուցեև շատ ֆիլմեր մենք չընդունեինք կամ չվերցնեինք, չցուցադրեինք, բայց երիտասարդների մտածողությունը, հետաքրքրությունները ավելի լայն են, և իրենք շատ սիրով անում են այդ ծրագիրը և ներկայացնում են: Կարծում եմ, բավականին մարդ նայում է»:

Հարցին, թե փառատոնի մեկնարկից առաջ ինչ զգացողություններ ունի, Հարություն Խաչատրյանը պատասխանեց․ - «Միշտ վախենում եմ: Էլի հրավիրատոմս չուզեն հանկարծ»:

Փառատոնի ծրագրերի գծով տնօրեն, կինոգետ Միքայել Ստամբոլցյանն ասաց, որ փառատոնի մեկնարկի նախօրեին միայն մեկ զգացողություն է ունենում․ - «Վախ, որ ինչ-որ կարևոր մի բան մոռացել ենք: Ընդհանուր առմամբ միայն փառատոնից հետո ենք հասկանում, որ վերջապես արեցինք, վերջացրինք»:

Կինոգետ, «Ոսկե ծիրանի» աշխատակից Րաֆֆի Մովսիսյանն ասաց․ - «Այս տարվա փառատոնը առանձնանում է իր ֆիլմերով, իր բովանդակային մասով: Այս տարի մեր հիմնական նպատակը լավագույն միջազգային փառատոներում մրցանակներ ստացած ֆիլմերը հասանելի դարձնել է մեր հայ հանդիսատեսին, ինչը, ինձ թվում է, հաջողվեց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG