Նիդերլանդները Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշին անցանկալի անձ է հռչակել: Թուրք քաղաքական գործիչը պատրաստվում էր մասնակցել այդ երկրում նախատեսված միջոցառմանը՝ նվիրված Թուրքիայում անցյալ տարվա ձախողված հեղաշրջման փորձին:
Նիդերլանդական կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ Թյուրքեշի, ինչպես նաև թուրքական կառավարության այլ պաշտոնյաների ներկայությունը ցանկալի չէ՝ «հաշվի առնելով ներկայիս հանգամանքները երկու երկրների միջև հարաբերություններում»:
Այս տարվա մարտին Նիդերլանդները թույլ չտվեցին Թուրքիայի նախագահ Մևլութ Չավուշօղլուի օդանավի վայրէջքը: Թուրքական դիվանագիտության ղեկավարը պատրաստվում էր ելույթ ունենալ Ռոտերդամում հոլանդացի թուրքերի հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին:
Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել էր Նիդերլանդներին «միջազգային դիվանագիտություն սովորեցնել»: Մևլութ Չավուշօղլուն էլ սպառնացել էր տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ սահմանել Նիդերլանդների նկատմամբ:
Պատասխանելով այս հայտարարություններին՝ նիդերլանդական կառավարության ղեկավար Մարկ Ռյութեն ընդգծել էր, որ թուրք նախագահի խոսքերը «անցել են բոլոր սահմանները»:
Հեռակա այս բանավեճի ֆոնին Թուրքիան հայտարարել էր, թե խզելու է բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերությունները Նիդերլանդների հետ: