Մատչելիության հղումներ

Պաշտպանության բանակի երեք զինծառայող է վիրավորվել հակառակորդի արկակոծության հետևանքով


Ժամեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական դիրքերի արկակոծումից հետո Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը տեղեկացրեցին, որ անցել են պատասխան գործողությունների:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ զորքը մարտական պատրաստության աստիճանի են բերել։

Րոպեներ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

Պաշտոնական վերջին տվյալներով, արկակոծության հետևանքով Պաշտպանության բանակը երեք վիրավոր ունի։

Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը «Ազատությանը» վստահեցրեց, որ արկակոծության հետևանքով հայկական զինված ուժերը զոհեր չունեն։ Երեք վիրավորներից մեկը դեռ հետազոտվում է, մյուսը ոտքի վիրավորում ունի, իսկ 1969 թվականին ծնված Ռոբերտ Գասպարյանը ծանր վիրավորված է։

«Գլուխը վիրահատել են: Գեմատոմա եղել․․․ Վիրահատել են, հիմա վիճակը կայուն է: Ապարատի տակ ա, ապարատից կհանենք, նոր վիճակի մասին հավելյալ ինֆորմացիա կունենանք», - փոխանցեց Գասպարյանը:

Վիրավորները այժմ գտնվում են Ստեփանակերտի ռազմական հոսպիտալում։

Պաշտպանության բանակը հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերը այսօր առավոտից շփման գծում խախտում են հրադադարի ռեժիմը։ Հայկական դիրքերի ուղղությամբ կիրառելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

Պաշտոնական Բաքուն ընդունում է, որ խախտել են հրադադարի ռեժիմը՝ շեշտելով, որ դրա նպատակը «հայկական կողմի ծրագրած դիվերսիան կանխելն էր և Ալխանլու գյուղում զոհված 50-ամյա կնոջ և երկու տարեկան երեխայի վրեժը լուծելը»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ֆիզուլիի ուղղությամբ իրականացված գործողության արդյունքում, բացի կենդանի ուժից, նաև ռազմական տեխնիկա և շինություններ են ոչնչացրել։

Հայկական կողմը այս տեղեկությունները հերքում է և ապատեղեկատվություն որակում։ Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է, որ շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողությունների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը։

Այսօր արկակոծումից ժամեր առաջ Ղարաբաղի պաշտպանության բանակը զգուշացրեց ադրբեջանական կողմին՝՝ եթե այդ երկրի զինված ուժերը բնակավայրերում տեղակայված կրակակետերից Ղարաբաղի ուղղությամբ կրակ բացեն, ապա հայկական զինված ուժերը այդ կրակակետերի ուղղությամբ պատասխան գործողություններ կձեռնարկեն։

Կեսօրից հետո տարածված հաղորդագրությանը կից Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը նաև տեսանյութ են հրապարակել, որտեղ բնակավայրի մոտ տեղադրված հրանոթ է երևում։ Պաշտպանության բանակը պնդում է, որ դա Ալխանլու գյուղն է։

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ասաց, որ տեսանյութը տարածել են՝ «աշխարհին հասկացնելու համար, որ Ադրբեջանը խախտում է միջազգային կոնվենցիաները և կրակակետերը բնակավայրերում է տեղակայում»․ - «Դա պարզապես ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը իր սեփական բնակչությունը օգտագործում է որպես թիրախ։ Որովհետև կլանի համար ձեռնտու է սեփական բնակչության, զորքի մահերը, որովհետև դա օգտագործվում է՝ սրսկելու սեփական բնակչությունը հայատյաց այդ խայտառակ վիրուսով»:

Երեկվանից հակամարտող կողմերին խաղաղության կոչ են անում միջազգային կառույցները և գերտերությունները։ Առանձին հայտարարություններով հանդես են եկել Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և ՄԱԿ-ը։

«ՄԱԿ-ը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ», - հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը: Նրա խոսքով, ՄԱԿ-ին ավելի ու ավելի է մտահոգում անվտանգության իրավիճակի վատթարացումը, և իրենք հակամարտող կողմերին կոչ են անում խուսափել ռազմական գործողություններից և քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման, հետագա բռնությունների կանխման ուղղությամբ: ՄԱԿ-ը նաև բանակցությունները վերսկսելու կոչ է անում։

Միացյալ Նահանգները նույնպես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում երեքշաբթի օրը տեղի ունեցած հրադադարի խախտումներով, որոնց հետևանքով շփման գծի մերձակայքում քաղաքացիական անձինք զոհվեցին, այդ թվում՝ «հնարավոր է, երկու տարեկան երեխա»:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով՝ հիմնված «միջազգային իրավունքի վրա, որ ներառում է հավատարմություն ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG